Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. թարմացվող
10:50 - 19 նոյեմբերի, 2021

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. թարմացվող

19․11․2021

10։35- Նոյեմբերի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։ [ՊՆ]

 

10։34- Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։ [ՀՀ ՊՆ]

 

18․11․2021

10։27- Պարզվել է երեկ Բաքվից Երևան տեղափոխված զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։ [ՊՆ]

 

10։26- Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ [ՊՆ]

 

17․11․2021

23:33-Նոյեմբերի 17-ի երեկոյան, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈւ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին: Նոյեմբերի 17-ին գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նախորդ օրը ծավալված մարտերի մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ: [ՊՆ]

23։17-Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, իսկ նոյեմբերի 17-ին՝ Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։ Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում կարևորվել է համանախագահների՝ տարածաշրջան շուտափույթ այցելության իրականացումը: [ԱԳՆ]                                                                                         

21։38-Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի պաշտոնակատար Միրիամ Էլ Խոլիի հետ: Քննարկվել են ադրբեջանական կողմում նոյեմբերի 16-ին և դրանից առաջ հայտնված հայկական կողմի գերիներին առնչվող հարցեր: [ՄԻՊ]

18։48-Բրյուսելում Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ նշել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրավիճակի ապաէսկալացման կարևորությունը։ Զալկալիանին հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ ապագայում բոլոր ջանքերը գործադրելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար: |tert.am|

18։18-Մենք կոչ ենք անում երկու կողմերին (Ադրբեջանին և Հայաստանին-խմբ․) զսպվածություն ցուցաբերել, կանխել նոր միջադեպերը և բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական, դիվանագիտական ճանապարհով։ Մոսկվան պատրաստ է հետագայում էլ շարունակել աջակցել կողմերին՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |factor.am|

17։43- Կոչ ենք անում անհապաղ դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը և ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունը ու տեղեկությունները՝ ռուսական միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ: Վերահաստատում ենք, որ ցանկացած հնարավոր անհամաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի բանակցային գործընթացի միջոցով, այլ ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների: Դատապարտում ենք «սահմանագծման» յուրաքանչյուր փորձ, ինչպես նկատվել է մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո: [Եվրախորհրդարանում Հրվ․ Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարի, ՀՀ հարցով հիմնական զեկուցողի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցողի համատեղ հայտարարությունը] |armenpress.am|

 

17։32- Ի բնե հնարավոր չէ այդպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման։ Դա կլինի ուղիղ պետական դավաճանություն։ Գերիների մասով․ ես կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք։ Պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն, և յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք՝ այդ դեպքի հետ գործ ունենք, թե ոչ։[Նիկոլ Փաշինյան]

 

17։27- Կոչ ենք անում կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման հասնելու համար, այդ թվում՝ սահմանազատման հարցում։ Եվրամիությունն ընդգծում է իր հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու հարցում՝ լարվածության հաղթահարման համար։ Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել, հետ քաշել ռազմական ուժերը և կատարել իրենց ստանձնած պարտականությունները։ [Եվրոպական միութան արտաքին քաղաքականության ծառայություն] |tert.am|

 

17։24-ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների 9-րդ հանդիպման ընթացքում ՌԴ ԱԽՔ Նիկոլայ Պատրուշևին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես նշել է, որ ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի սուվերեն տարածքում, և ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը: Նիկոլայ Պատրուշևը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը շուտ կլիցքաթափվի և որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել համապատասխան աջակցություն հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար: [ԱԽ գրասենյակ]

 

17։15- ՄԱԿ ԱԽ-ին դիմող պետությունը պետք է հիմնավորի, որ այնպիսի իրավիճակի կամ վեճի է առնչվում, որը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Հետեւաբար, դիմող պետությունը նաեւ պարտականություն ունի ապացուցելու ու հիմնավորելու իրավիճակի բնույթը։ Եթե դա կատարեր ԱԽ անդամ-պետությունը, այս բեռը կարող էր չկրել, որովհետեւ նրանք ցանկացած հարցով կարող են դիմել։ ՀՀ-ն մի քանի ճանապարհ ունի․ մեկը՝ ցուցադրել, որ խաղաղության հետ կապված խնդիրներ կան, եւ անմիջականորեն դիմել ԱԽ-ին, 2-րդը՝ կատարել դիվանագիտական աշխատանք Գլխավոր ասամբլեայում, որպեսզի ԳԱ-ն հարցը հղի ԱԽ-ին, 3-րդը՝ աշխատել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ, որպեսզի վերջինս հարցը համապատասխանաբար ներկայացնի ԱԽ-ին։ [Սիրանուշ Սահակյան]

 

14։25- Անկասկած, ինչ-որ փուլում այդ շփումներն անհրաժեշտ կլինեն, սակայն որպեսզի դրանք հնարավոր դառնան, անհրաժեշտ է երեք կողմի համաձայնությունն ու պատրաստակամությունը։ Մոսկվան հայ-ադրբեջանական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում և հանդես է գալիս եռակողմ համաձայնության պահպանման օգտին: Մենք այնուամենայնիվ հույս ունենք, որ իրավիճակի (հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի-խմբ․) կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է: [ՌԴ ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման և հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին] |tert.am|

 

14։09- Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո կնքված եռակողմ պայմանավորվածությունները հնարավորություն են տվել վերջ տալ արյունահեղությանը Լեռնային Ղարաբաղում։ Չնայած ձեռնարկված քայլերին՝ հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում դեռ լարվածություն կա։ [ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ԱՊՀ անդամ երկների ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը] |tass.ru|

 

13։58- Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը: ՄԱԿ-ի կանոնադրության պայմանագրերի շրջանակներում ՀՀ-ն իրավունք է վերապահում՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ այս պահից սկսած՝ իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի Հանրապետության վրա: [Արարատ Միրզոյանը՝ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը]

 

13։53- ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Քննարկվել է սրումը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում։ Կողմերը անհանգստություն են հայտնել տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ։ Ընդգծվել է Երևանի և Բաքվի զսպվածության, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու հրամայականը։ [ՌԴ ԱԳՆ]

 

13:25- Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ՝ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրվաիճակի հարցով, ինչպես նաև գերիների վերադարձին ուղղված ջանքերի: [ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյան] |tert.am|

 

13:09- Ես մտահոգ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող և մարդկային կյանքերի կորստի պատճառ դարձած միջադեպերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Հրադադարի մասին տեղեկությունը ողջունելի է, և ես կոչ եմ անում երկու կողմերին էլ պահպանել այն: Եվրոպայի խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու իրենց շարունակական ջանքերում՝ հանուն խաղաղ կարգավորման: [ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչ] |armenpress.am|

 

12:52- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող Bloomberg New Economy Forum-ի՝ միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել մասնակից մի շարք պետական ու հասարակական հայտնի գործիչների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների հետ: Սարգսյանը ներկայացրել է ՀՀ հանդեպ ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում մեր սահմաններին ստեղծված իրավիճակը, խոսել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման, երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների, ինչպես նաև Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրի մասին:

 

12:03- Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ունի 7 զոհ և 10 վիրավոր։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

 

11:03- ՌԴ դիմելու վերաբերյալ․ ՀՀ-ն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից ՌԴ-ի հետ: Ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ դիմելուն, ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Ցանկանում ենք նշել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը: [ԱԳՆ]

 

10:32- Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։ [ՀՀ ՊՆ]

 

10։21- ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։ Նա ընդգծել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը։ [ԱԳՆ]

 

09։52- Կանադան խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին բախմամբ (Ադրբեջանի ագրեսիա ՀՀ սահմանին- խմբ․), ինչի հետևանքով հայկական զինված ուժերը կորուստներ ունի։ Մեր մտքերը զոհերի ընտանիքների և նրանց մտերիմների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հակամարտությանը խաղաղ լուծում գտնվի։ [Կանադայի ԱԳ նախարար]

 

09։29- Շարունակում ենք ստանալ տեղեկություններ այդ մասին և ավելին կարող ենք ասել ավելի ուշ: Բայց պարզ է, որ մտահոգությամբ ենք հետևում վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին ու պետք է դեռեւս ստուգենք այդ հաղորդագրությունները։ Այս պահին բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, գործել՝ համաձայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ու դրանց առնչվող ցանկացած մտահոգություն լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք խուսափել նախկինում եղած էսկալացիայից։ [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը՝  ՀՀ սահմանի արևելյան սահմանագոտում Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ] |amerikayidzayn.com|

 

09։04- ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ մարտական գործողությունների մասին լուրերով։ Կողմերին հորդորում ենք անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել ճնշումը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար։ Կողմերին նաև կոչ ենք անում ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ունենալ բոլոր կարևոր հարցերը, այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի հարցը լուծելու գործում։ Ինչպես նշված է ՄԽ համանախագահների հայտարարությունում, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է ԼՂ հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող մնացյալ բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ [ԱՄՆ պետքարտուղար]

 

16.11.2021

22։49- ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԱՄՆ Անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Ամանդա Սլոթի հետ։ Դեսպանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակը և դրանց վերաբերյալ հայկական պաշտոնական դիրքորոշումն ու արձագանքը: [ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն]

 

22։34- ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքում ներկայումս ստեղծված իրավիճակը: Դեսպանն ընդգծել է միջազգային հանրության թիրախային դատապարտող հայտարարությունների անհրաժեշտությունը: [ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն]

 

22։18- Եթե օրվա մեջ ինքը (հակառակորդը-խմբ․) ունեցել է առավելություններ, օրվա վերջում այդ առավելությունները կորցրել է։ Մենք շատ դիրքեր հետ ենք բերել։ Մարդկային կորուստներ ունեցել ենք թե՛ մենք, թե՛ իրենք․․․ Մեր ԶՈՒ-ն (այսօր- խմբ․) մտավ մարտական գործողությունների մեջ և օրվա վերջում պարտադրեց այս պահի դրությամբ հրադադար (հարցազրույցի պահին- խմբ․)։ Ստատուս քվոն (վերականգնելը- խմբ․), եթե ամբողջական դիրքային կորուստների բալանսի մասին է, կարձանագրենք շատ կարճ ժամանակում։ [ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ]

 

22։13- Անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ։ Կոչ ենք անում պահպանել 2020թ․ նոյեմբերին Մոսկվայում ստորագրված զինադադարի պայմանները։ Խորապես մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մի քանի հատվածներում անվտանգության իրավիճակի վատթարացման և ծանր սպառազինության ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից։ [Ֆրանսիայի ԱԳՆ] |tass.ru|

 

21։59- Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պատերազմի նոր սրման կապակցությամբ և կոչ արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել։ Նա ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը և կոչ է արել լուծել տարաձայնությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով։ Ղաթիբզադեն ներկա լարվածությունը «վտանգավոր» է որակել տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համար։ |tert.am|

 

21։43- Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ [ՀՀ ՊՆ]

 

21։34- Անթույլատրելի ենք համարում քաղաքական որևէ գործընթաց, որը կթուլացնի պետության դիմադրողականությունը, կառաջացնի անվստահություն զինված ուժերի նկատմամբ և  կստեղծի խուճապ  հանրության շրջանում:  Գործող իշխանություններին կոչ ենք անում օգտագործել բոլոր հնարավոր եղանակները ադրբեջանական ագրեսիային դիմակայելու և համարժեք պատասխանով պատժելու, միջազգային գործընկեր երկրներին խնդիրներն արագ ներկայացնելու՝ այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ դիմելու գործընթաց սկսելու ուղղությամբ: [«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն]

 

21։11- Ռուսաստանը կապի մեջ է Հայաստանի և ՌԴ-ի հետ՝ սահմանին սրման հետ կապված իրավիճակը խաղաղ ճանապարհ տեղափոխելու համար։ [ՌԴ ԱԳՆ] |ria.ru|

 

21։09- Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ։ |ria.ru|

 

21։00- Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են և անիմաստ․ չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած, իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով, և եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային ետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը։ [Նիկոլ Փաշինյան]

 

20։45-Այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական․ սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ [Նիկոլ Փաշինյան]

 

20։29- ՀՀԿ Գործադիր մարմինը պահանջում է գործող վարչակարգից հանրությանը տրամադրել ամբողջական և ստույգ տեղեկություններ ինչպես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակի, այնպես էլ գործադրված դիվանագիտական ջանքերի մասին, դադարեցնել արկածախնդրությունը և լիարժեք, իրավական գործըթացի ամբողջական պահպանմամբ օգնության խնդրանքով անհապաղ դիմել ՌԴ-ին , իր լիակատար սատարումն է հայտնում ՀՀ զինված ուժերին։ ՀՀԿ-ն համոզված է, որ «Հայաստանը կործանումից հնարավոր է փրկել գործող անմեղսունակ իշխանությունների անհապաղ հրաժարականով»։

 

20։12- Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։ Սերգեյ Շոյգուն պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և իրավիճակը կայունացնելու համար։

 

19:50- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ դեռ հանդիպում չի նախատեսել, սակայն ԱԽ անդամները կարող են քննարկել դա։ [ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիեր] |tert.am|

 

19:47- Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը: Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ: [ՀՀ կառավարություն]

 

19:44- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր անհանգստությամբ է հետևում ՀՀ արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին և Քույր Եկեղեցիների առաջնորդներին՝ հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունները՝ հանուն մարդկային կյանքերի փրկության և հիմնարար իրավունքների պաշտպանության, հանուն նոր ողբերգության կանխման։ [Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ]

 

19:41- Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի հետ կապված՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Վարչապետը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ և ներկայացրել հայկական զինուժի կողմից ձեռնարկվող գործողությունները:

 

19:26- ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը  ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը: Դեսպանը շեշտել է միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերի անհրաժեշտությունը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: [ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն]

 

19։20- Ըստ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տվյալների՝ Սիսիան համայնքի Իշխանասար, Նորավան և Աղիտու գյուղերում, ինչպես նաև Սիսիան քաղաքի մի մասի բնակիչների համար լսելի են եղել ադրբեջանական հրետակոծության և արկերի պայթյունի ձայներ:  Նորավանում նաև լսելի են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցների ձայներ։ Ադրբեջանն ահաբեկչական բնույթի զինված հարձակումներով վտանգել է Սիսիանի և այլ համայնքների բնակչության կյանքը։ [ՄԻՊ]

 

19։18- ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ: Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի ստորաբաժանումների ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է և վտանգի տակ է դնում ողջ բանակցային գործընթացը: Շոյգուն պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում: [ՀՀ ՊՆ]

 

19։12- Համազգային ուժերով և համախմբումով թշնամու առաջխաղացման կասեցումն ու նրան Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս: Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է: Նիկոլ Փաշինյանի հրաժարականին պետք է հաջորդի բոլոր կարող ուժերի համախմբմամբ նոր կառավարության ձևավորումը և արտաքին ու ներքին խնդիրների լուծման քաղաքականության ապահովումը։ [«Հայաստան» դաշինք]

 

19:01- Ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում, որոնցում կոչ է արվում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ: Դրանցում խորհուրդ է տրվում հավաքել երկրի կոդը, բջջային կապի օպերատորների հեռախոսային կոդերը, ինչից հետո հավաքել որևէ համար և ռուսերենով ձայնային կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկել՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ քաղաքները և բնակավայրերը լքելու կոչերով: Միաժամանակ, կոչ է արվում ուղերձներ տարածել՝ համաձայն որոնց, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր շուտով օկուպացվելու են ադրբեջանական ԶՈՒ կողմից, և որ այդ հողերն արդեն հանձնված են Ադրբեջանին, ինչպես նաև տարածել, որ «Յաշմա»-ն և ադրբեջանական հատուկ ծառայությունների դիվերսիոն խմբերը արդեն այդ բնակավայրերում են։ Հորդորում ենք լինել զգոն։ [ԱԱԾ]

 

18:53- Քանի որ ցերեկը լարված իրավիճակ էր, պարզ էր, անվտանգությունը ապահովելու համար որոշեցինք դադարեցնել Սոթքի հանքավայրի աշխատանքը և տարհանել բոլոր աշխատակիցներին։ Բոլորն անվտանգ տարհանվել են։ Տարհանումից հետո հանքավայր կապ չեմ կարողանում հաստատել՝ որևէ տեղեկություն ստանալու համար, ուստի ռազմական բնույթի տեղեկություն չեմ կարող հաղորդել։ [«GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյան] |pastinfo.am|

 

18։47- ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակը: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության, ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը: Երկուստեք համոզվածություն են հայտնել, որ հնարավորինս շուտ կարելի է նվազեցնել սահմանային լարվածությունը և սկսել խաղաղ կարգավորման գործընթացը: [ԱԽ]

 

18։43- Ելնելով մեր երկրի սահմաններում այս պահին տիրող իրավիճակից՝ ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրամանով ժամը 13:00-ից ՀՀ ԵԿՄ բոլոր մարզային եւ տարածքային բաժանմուքներում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն: [ԵԿՄ]

 

18։42- ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ հարձակման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ-մարտավարական իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողությունները հարված են Հայաստանի ժողովրդավարությանը: Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ զորքերը պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսյան ներխուժմանը նախորդող դիրքերը: ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը, սակայն, ԼՂ հիմնահարցի հետ առնչություն չունի: [ԱԽ]

 

18։26- Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնում է, որ այսօրվա իրադարձությունների ֆոնին բանակցություններ է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա շտապ դեէսկալացիայի և լիակատար հրադադարի կոչ է արել՝ նշելով, որ իրավիճակը տարածաշրջանում դժվարին է․ «ԵՄ-ն հավատարիմ է՝ աշխատելու գործընկերների հետ, որ հաղթահարվի լարվածությունը՝ բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի համար»:

 

18։13- Անցած մեկ տարում բավարար ժամանակ եղել է՝ համոզվելու, որ ՀԱՊԿ-ը ունակ չէ արագ արձագանքման և իր պարտավորությունների կատարման, որի ապացույցը մայիսի 12-ից Սյունիք ու Գեղարքունիք ադրբեջանական զորքերի ներթափանցումն է: Ադրբեջանը խախտել ու անպատիժ խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որովհետև այդ հայտարարությունը հնգակողմ չէր. համաձայնությանը տեղյակ չէին ու չէին մասնակցել ԵԱՀԿ ՄԽ երկու համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան:  Վաղուց ժամանակն է՝ դիմելու ՄԱԿ Անվտանգության խորհուրդ։ [«Հանրապետություն» կուսակցություն]

 

18։10- Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ զինվորականների շրջանում, դեռևս չհաստատված տվյալներով, այս պահին կա 15 զոհ և 7 գերեվարված անձ (ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է 12 գերու մասին - խմբ․)։ Նաև մեր տվյալներով բավականին մեծ կորուստներ են կրել Ադրբեջանի զինված ուժերը։ Պաշտպանական գործողությունների ժամանակ Հայաստանի զինված ուժերը խոցել են հակառակորդի չորս զրահափոխադրիչ (БТР) և մեկ «Ուրալ»։ [ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյան] |civilnet.am|

 

17։59- Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ [ՀՀ ՊՆ]

 

17։56- Հայաստանը և Ռուսաստանը զինվորական և դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ են անցկացնում` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ: [ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյան] |tass.ru|

 

17։34- Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել էր․ «Աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է։ Իրանի նախագահը ողջունել է Կովկասում հանգստություն և կայունություն հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը»։ Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Ռայիսիին տեղեկացրել է ԼՂ հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված ռուսական կողմի քայլերի մասին։ |hetq.am|

 

17։17- Վստահության թեկուզ փխրուն իրողությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հետ հարաբերություններում, մեկ վայրկյանում կարող է փոխվել, եթե այնուամենայնիվ այս գործողությունների մեջ միջամտություններ չլինեն, որովհետև այսպես թե այնպես եթե գործողություն է գնում, մեր զինված ուժերը իր առջև դրված մարտական խնդիրը պետք է լուծի և այդ խնդրի լուծման հետ կապված բոլորս անելիք ունենք։ [ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան]

 

17։15- Պահանջում ենք անհապաղ կերպով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային իրավունքի այլ կարգավորումներին համապատասխան տարածաշրջանում միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու հարցով։ [«Ազգային-ժողովրդավարական բևեռի» հայտարարությունը]

 

16։57- Կիսում եմ Մինսկի խմբի համանախագահների խոր մտահոգությունը՝ կապված տարածաշրջանում, այդ թվում և Հայաստան-Ադրբեջանին սահմանի միջադեպերի հետ: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց ջանքերին ու կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնել էսկալացիան ու քայլեր ձեռնարկել հրատապ հարցերի լուծման նպատակով։ [ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդե] |armenpress.am|

 

16։51- Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնին: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ԼՂ հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ: Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ: [Անվտանգության խորհուրդ]

 

16։43- Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։ [ՀՀ ՊՆ]

16։17- Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը պնդում է, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին, այդուհանդերձ, առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ։ [ՊՆ]

16։09- ՀՀ-ն, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մեր միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ։ [ՀՀ ԱԳՆ]

15։50- Այս պահին դեռեւս հստակ չենք կարող խոսել․․․ Կան վիրավորներ եւ կան կորուստներ, բայց ՊՆ-ն պարզաբանումներով հանդես կգա եւ այս հարցի վերաբերյալ ավելի կոնկրետ պատասխաններ կտա։ [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]

15։48- Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ [ՀՀ ՊՆ]

15։44- Հայաստանը կարծում է, որ առաջնահերթ ՌԴ եւ ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե մենք չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմելու, այսինքն՝ միջազգային այլ գործընկերների։ Բայց մենք առաջնային ենք համարում գործարկել պայմանագրային պարտավորություններով օժտված մեխանիզմները։ [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]

15։32- Այսօրվա սրացումը կապված է նաեւ Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա եւ զինված ուժեր կիրառելու հետ, բայց նրանք նաեւ փորձել են օգտագործել ՀՀ տարածքում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-երը։ Կարեւոր ենք համարում ընդգծել, որ քանի որ հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով եւ համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում։ [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]

15։13- Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։ [ՀՀ ՊՆ]

14։57- Պահանջում ենք ՀՀ վարչապետից և ՀՀ ԱԳՆ-ից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին անհապաղ ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ դրանք քննելու և գնահատական տալու նպատակով։ Ծանուցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, որի անդամ է նաև Հայաստանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ համապատասխան կառույցներին և երկկողմ գործընկեր պետություններին։ [Մի շարք ՀԿ-ների հայտարարությունը]

14։23- 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։ [ՊՆ]

14։17- Երեկ ՀՀ-Ադրբեջան սահմանի արեւելյան տեղամասերից մեկում ադրբեջանական ԶՈՒ-երը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք. հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ։ Մայիսի 12-ից հետո Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ․ կմ տարածք։ Հաշվի առնելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ նախագահող երկիր է, ՀՀ կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ։ [Էդուարդ Աղաջանյան]

13։36- Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ [ՊՆ]

 

15.11.2021

 

23։38- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` կողմերին կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի անհապաղ դեէսկալացիայի համար, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները: «Լարվածության վերջին աճն ընդգծում է ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համաձայնեցված և կայուն կարգավորման անհրաժեշտությունը: Համանախագահները կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա»,- ասվում է հայտարարության մեջ: |azatutyun.am|

17։08- Մեր երկիրը գտնվում է ռազմավարական լրջագույն մարտահրավերների առաջ, և մենք ուղղակի իրավունք չունենք այդ մարտահրավերները չկառավարել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերին համապատասխան: Գիտեք, շատ գնահատականներ կարող են լինել, այդ գնահատականները կարող են լինել էմոցիոնալ, պակաս էմոցիոնալ, բայց հստակ պիտի իմանանք մի բան, որ ՀՀ կառավարությունը, երկրի ղեկավարությունը հստակ պատկերացնում են ինչ քայլեր են անհրաժեշտ երկիրն այս ռազմավարական մարտահրավերների խաչմերուկից բարեհաջող դուրս բերելու, տևական ու կայուն զարգացման ուղի մտցնելու համար, և մենք գնալու ենք այդ ճանապարհով: [Նիկոլ Փաշինյան]

13։45- Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, ինչի հետեւանքով ՀՀ ԶՈՒ չորս մարտական դիրք հայտնվել էր շրջափակման մեջ: Ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: Լուրերը, թե դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել, իրականությանը չեն համապատասխանում: [ԱԽ]

10։25-Մտահոգված ենք այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով։ Կարևոր է չեզոքացնել, վերացնել պատճառները և ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում։ [Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար]

14.11.2021

 

22։34- Նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։ Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ։ [ՀՀ ԱԱԾ]

19։31-Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]

17։00- Երեկ երեկոյից ադրբեջանական շարժ է նկատվել Վերին Շորժայի սահմանին։ Հայ դիրքապահները համարժեք պատասխան են տվել։ Այս պահին իրավիճակը սահմանի այս հատվածում հանդարտ է: [Վերին Շորժայի վարչական ղեկավար] |azatutyun.am|

15։55- Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվելու այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։ Ներկա պահին ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ [ՊՆ]

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել