Եթե չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա ՀՀ-ն ստիպված է լինելու դիմել միջազգային գործընկերներին․ Արմեն Գրիգորյան
15:43 - 16 նոյեմբերի, 2021

Եթե չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա ՀՀ-ն ստիպված է լինելու դիմել միջազգային գործընկերներին․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քիչ առաջ «Լուրերին« տված հարցազրույցում ասաց, որ նախապատրաստական աշխատանքներ են կատարում՝ ՀԱՊԿ-ին դիմելու համար․ «Իհարկե, մենք մայիսին ստեղծված իրավիճակով դիմել էինք ՀԱՊԿ-ին, որպեսզի ճգնաժամը լուծել, բավարար ջանքեր չեն գործադրվել խնդիրը լուծելու համար, բայց մենք շարունակելու ենք աշխատել։ Քանի որ այժմ ՀՀ-ն ՀԱԿՊ նախագահողն է, ապա մենք հավելյալ քայլեր կձեռնարկենք, որպեսզի ակտիվացնենք նաեւ  ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում նախատեսված այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս որեւէ անդամ երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ որեւէ ոտնձգության դեպքում քայլեր ձեռնարկել»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե Հայաստանը դիտարկում է այլ միջազգային կառույցների դիմելու հարցը, Գրիգորյանն ասաց․ «Հայաստանը կարծում է, որ առաջնահերթ ՌԴ եւ ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե մենք չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմելու, այսինքն՝ միջազգային այլ գործընկերների։ Բայց մենք առաջնային ենք համարում առաջնային գործարկել պայմանագրային պարտավորություններով օժտված մեխանիզմները»։

Գրիգորյանը նաև ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ռազմական գործողությունները դադարել են, բայց չենք կարող պնդել, որ սահմանի երկայնքով կայունություն է եղել, սահմանային լարումները շարունակվել են․ «Վերջին շրջանում Ադրբեջանը, չստանալով իր ցանկությունը՝ միջանցքը, սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը՝ նույնիսկ այլ ուղղությամբ, նույնիսկ ապաշրջափակման ուղղությամբ։ Գիտեք, որ երբ ՌԴ-ն հրապարակեց այն փաստը, որ միջանցքի տրամաբանությամբ որեւէ գործողություն չի լինելու, դրան հետեւեցին սկզբից Գորիս-Կապան ճանապարհի հատվածների փակումը, մաքսակետեր տեղադրելը, դրան հետեւցին սահմանային լարումները։ Ադրբեջանը փորձում է խաղաղության կամ կայունության այն գործընթացը, որն ընթանում էր, ամբողջովին ապակայունացնել, տարածաշրջանում ստեղծել անկայուն իրավիճակ»։

Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանը ոչ միայն փորձում է հետաձգել դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, այլեւ խափանել ողջ գործընթացը, որովհետեւ ապաշրջափակման ու սահմանագծման, սահմանազատման գործընթացին Հայաաստանը ամբողջովին պատրաստ էր․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք սկսել այդ գործընթացը Խորհրդային Միության ժամանակաշրջանից գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի հիման վրա։ Այս առումով բազմիցս եւ բարձր, եւ բարձրագույն մակարդակում ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են անցնել այս գործընթացը, բայց Ադրբեջանը պարբերաբար տորպեդահարել է, եւ այսօր էլ, գտնվելով ՀՀ սուվերեն տարածքում, խախտում է այն միջավայրը ստեղծելու հնարավորությունը, որով հնարավոր է սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել