Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք քայլեր ձեռնարկել ճնշումը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար․ ԱՄՆ պետքարտուղար
09:03 - 17 նոյեմբերի, 2021

Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք քայլեր ձեռնարկել ճնշումը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար․ ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ մարտական գործողությունների մասին լուրերով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել ճնշումը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար։ Մենք կողմերին նաև կոչ ենք անում ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ունենալ բոլոր կարևոր հարցերը, այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի հարցը լուծելու գործում։

«Ինչպես նշված է Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունում, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող մնացյալ բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է պետքարտուղարի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։

Այս պահին հայտնի տվյալներ են․ հայկական կողմից մեկ զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 12 գերի Ադրբեջանում, իսկ վիրավորների տվյալները ճշտվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել