Բնակիչները Փելա սարի տեղամասում կարող են գտնվել խիստ անհրաժեշտության դեպքերում՝ միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների ուղեկցությամբ
12:30 - 10 դեկտեմբերի, 2021

Բնակիչները Փելա սարի տեղամասում կարող են գտնվել խիստ անհրաժեշտության դեպքերում՝ միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների ուղեկցությամբ

Այս տարվա հոկտեմբերի 18-ին մամուլում շրջանառվում էր Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հաստատած այն տեղեկությունը, որ Կապանի Փելա սար կոչվող տարածքն ամբողջությամբ անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։

Նույն օրը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքեց այդ լուրերը՝ պնդելով, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, եւ որ ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։

Այս հերքումով, սակայն, Փելա սարի կորստի մասին տեղեկությունները չդադարեցին տարածվել։ Հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Գեւորգ Փարսյանը քարտեզի վրա ավելի մանրամասն մեկնաբանեց, թե որ հատվածն է անցել հակառակորդի վերահսկողության տակ։ Նա, խոսելով ԱԱԾ տարածած հաղորդագրության այն տողի մասին, թե դիրքային փոփոխություն չի եղել, ասաց, որ ոչ թե դիրքային փոփոխությունների մասին է խոսքը, այլ ուղղակի տարածքն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու։ Կապանի քաղաքապետի փոխանցմամբ՝ այդ հատվածում գոյություն ունի նաեւ մի ճանապարհ, որը ադրբեջանական արգելափակոցի պատճառով տեղացիների համար խոչընդոտներ է ստեղծել վառելափայտ հայթայթելու եւ նաեւ Կապան գնալու առումով։

Հայտարարության հաջորդ օրը գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հասկանալու՝ արդյոք երկու օրերի ընթացքում Փայլասարի հատվածում իրադրության փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ ստացանք գրություն, ըստ որի՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքը գտնվում է հայկական վերահսկողության ներքո, դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ թե Փայլասարի լեռնաշղթայի որ բարձունքներն են հայկական վերահսկողության ներքո, որոնք՝ ադրբեջանական, ԱԱԾ-ն տեղեկություն չտրամադրեց՝ մեկնաբանելով, որ հայցվածը գաղտնիք է պարունակում։

Օրեր անց եւս մեկ հարցմամբ դիմեցինք ԱԱԾ-ին՝ կցելով նաեւ Գեւորգ Փարսյանի՝ հարցազրույցում ներկայացրած քարտեզը։ Գերատեսչությանը խնդրեցինք պարզաբանել՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ագարակ, Ուժանիս, Եղվարդ, Խդրանց համայնքների բնակիչները ստորեւ բերվող քարտեզի վրա դեղին սլաքներով ցույց տրվող ճանապարհով Փայլասարի լեռներ եւ Փելա սար գնալու հնարավորություն ունե՞ն, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ կառույցից նշեցին, որ հիշատակված բնակավայրերի բնակիչները ներկայացված ճանապարհով դեպի Փայլասար գնալու հնարավորություն չունեն, բայց չհստակեցրին՝ հատկապես ինչու։ ԱԱԾ-ից նշեցին, որ 2020 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսից հետո Փայլասարի ճանապարհով դրան հարակից բնակավայրերի բնակիչները դեպի Կապան գնալու համար օգտագործում են Ագարակ-Խդրանց-Վարդավանք-Կապան ավտոճանապարհը։

Իսկ ինչ վերաբերում է Փարսյանի ցուցադրած ճանապարհահատվածին, որտեղով բնակիչները նախկինում վառելափայտ էին հայթայթում, իսկ հիմա, նրա պնդմամբ, այդ հնարավորությունը չունեն, ԱԱԾ-ն մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ այդ մյուս՝ ոչ հիմնական ճանապարհով (ստորեւ բերվող քարտեզում՝ դեղին սլաքով) նշված ճանապարհով Ագարակ, Խդրանց, Եղվարդ, Ուժանիս համայնքների բնակիչները Փայլասարի լեռներ և Փելա սար գնալու հնարավորություն ունեն, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փայլասարի լեռնաշղթայի երկայնքով ծառայություն են իրականացնում մեր կողմից՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, հարակից տարածքում՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերը՝ անվտանգության նկատառումներից ելնելով բնակիչները տվյալ տեղամասում կարող են գտնվել խիստ անհրաժեշտության դեպքերում՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների ուղեկցությամբ:

Քարտեզի նկարները՝ Զանգեզուր TV-ի տեսանյութից։ Առաջին նկարում՝ Փելա սարով անցնող, դեպի Կապան գնացող հիմնական ճանապարհը, երկրորդ նկարում՝ վառելափայտ հայթայթելու ճանապարհը

Լուսանկարները՝ Google Maps-ից, կարմիր սլաքով ցուցադրված է Փարսյանի հիշատակած՝ նախկինում վառելափայտի համար օգտագործված ճանապարհը

Ի դեպ, մենք գրավոր հարցմամբ Կապանի քաղաքապետին խնդրել էինք հստակեցնել՝ երբ հարցազրույցում նշում է, որ Ագարակ, Ուժանիս եւ մյուս գյուղեր գնալու հիմնական ճանապարհն արդեն ամբողջությամբ հակառակորդի վերահսկողության տակ է, նկատի ունի դեռ 2020-ի դեկտեմբերի՞ց է հակառակորդի վերահսկողության տակ, թե՞ Փելա սարի հատվածում հոկտեմբերի զարգացումներից հետո։ Ի պատասխան՝ Փարսյանը գրավոր տեղեկացրել էր, որ ճանապարհը հակառակորդի վերահսկողության տակ է 2020 թ․-ի դեկտեմբերից։ Մեր հարցմանը կցած քարտեզի վրա համայնքապետը հստակեցրել էր նաեւ ճանապարհահատվածը, որը եւ ադրբեջանական հսկողության ներքո է։ Այդ ճանապարհահատվածը կարող եք տեսնել ստորեւ ներկայացվող քարտեզի վրա։ Կապանի համայնքապետի մամուլի խոսնակը մեր զրույցում հստակեցրեց, որ այժմ բնակիչները Սյունիք համայնքից միայն Դիցմայրի կարող են գնալ, իսկ Ագարակ գնալու համար օգտագործում են Վարդավանքի ճանապարhը։ Այսինքն՝ ճանապարհը Փելա սարով անցնող հատվածից մինչեւ Դիցմայրին Սյունիք գյուղի հետ կապող հատվածը հակառակորդի վերահսկողության տակ է։ 

Նախկինում Դիցմայրիից Ագարակ գնալու ճանապարհը 14 կմ էր, իսկ այժմ Դիցմայրիից Վարդավանքով Ագարակ գնացող ճանապարհը 20 կմ է՝ ժամանակային առումով՝ մոտ 30 րոպեի տարբերությամբ։

Ինչ վերաբերում է Փայլասարի լեռներով անցնող ճանապարհի որեւէ հատվածում ադրբեջանցիների տեղադրած հնարավոր արգելափակոցի մասին Փարսյանի պնդմանը, ԱԱԾ-ն հրաժարվեց տեղեկություն տրամադրել՝ դարձյալ մեկնաբանելով, թե այն գաղտնիք է պարունակում։


Ճանապարհը, որ անցնում է լեռներով, երեւում է վերը ներկայացված քարտեզում, դեղին սլաքով նշված է Փարսյանի հիշատակած արգելափակոցի մոտավոր վայրը

Նկարում՝ Google քարտեզը, որտեղ դեղին սլաքով դարձյալ նշված է Փարսյանի հիշատակած արգելափակոցի մոտավոր վայրը

ԱԱԾ-ից տեղեկություն էինք խնդրել նաեւ Փարսյանի՝ հարցազրույցի ժամանակ հնչեցրած մյուս հայտարարությունների իսկության վերաբերյալ՝ կցելով նաեւ «Զանգեզուր» TV-ի մոտ 7-րոպեանոց համապատասխան տեսանյութը, սակայն ԱԱԾ-ից պատասխանել էին, որ անհրաժեշտ է կոնկրետ հարցադրում ներկայացնել Փարսյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ:

Ուստի երրորդ հարցումն ուղարկեցինք՝ այս անգամ վայրկյան առ վայրկյան նշելով հարցազրույցում հնչեցված մտքերն ու յուրաքանչյուրի համար առանձին-առանձին հարցնելով՝ պնդումն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Անտեսելով Փարսյանի մի քանի հայտարարություններ՝ ԱԱԾ-ից անդրադարձան միայն համայնքապետի՝ ռուս սահմանապահների հեռանալու մասին պնդմանը․ 

«Երկու օր առաջվա դրությամբ (հոկտեմբերի 17-ի,- հեղ․) տեղակայված են եղել ռուս սահմանապահ զորքերից մի խումբ, հիմա ներկա դրությամբ տեղափոխվել եւ տեղակայվել են այ էս հատվածում (ստորեւ քարտեզի վրա տեղափոխման ուղղությունը ցուցադրված է դեղին սլաքով,- հեղ․)»,- մասնավորապես ասել էր Փարսյանը։ ԱԱԾ-ից ստացած հարցման պատասխանում ասված է, թե այդ տարածքում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները դուրս չեն եկել, այլ կենցաղային անհրաժեշտությամբ պայմանակորված վերատեղադրել են իրենց կեցավայր վագոն-տնակը։ ԱԱԾ-ն, ինչպես երեւում է պատասխանից, համարում է, որ դա ոչ թե տարածքը լքել է, այլ միայն կեցավայր վագոն-տնակի՝ կենցաղային անհրաժեշտությամբ պայմանավորված վերատեղադրում։

Փարսյանի մյուս պնդումը, թե «ռուսների բացակայության պատճառով տարածքն ամբողջովին անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ․․․», ԱԱԾ-ն ոչ հաստատել է, ոչ հերքել։

Վերադառնալով Փայլասար գնալու ճանապարհի թեմային՝ վերջին հարցմամբ ԱԱԾ-ին խնդրել էինք հստակեցնել նաեւ՝ ինչո՞ւ են Ագարակ, Ուժանիս, Եղվարդ, Խդրանց համայնքների բնակիչներն այժմ օգտագործում Ագարակ-Խդրանց-Վարդավանք-Կապան ավտոճանապարհը։

Այս անգամ պատասխան ստացանք, որ նշված հարցազրույցի ընթացքում ցուցադրված քարտեզն էականորեն տարբերվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից կիրառվող տեղագրական (գաղտնի դրոշմակնիքով) քարտեզների տեղորոշիչ կոորդինատներից, հետեւաբար մեր հարցադրումներին հնարավոր չէ պատասխանել՝ անճշտություններից խուսափելու համար։ Բացի սրանից՝ ԱԱԾ-ն կրկին համարում է, որ հայցվող տեղեկությունը գաղտնիք է պարունակում, ուստի մեզ տեղեկություն չի տրամադրի՝ Սահմանապահ զորքերի զբաղեցրած դիրքերի տեղորոշման կոորդինատները չբացահայտելու համար:

Հարկ է նշել, որ ե՛ւ նախորդ, ե՛ւ վերջին հարցմանը կցել էինք Փարսյանի ցուցադրած նույն քարտեզը՝ ճանապարհի նշումներով։ Եւ, փաստորեն, մի դեպքում ԱԱԾ-ն չի համարել, որ այդ քարտեզը տարբերվում է սահմանապահների ունեցած քարտեզից ու հաստատել է, որ բնակիչներն այլեւս այդ ճանապարհը չեն օգտագործում, մյուս դեպքում լրիվ այլ պատասխան է տվել։ Միաժամանակ, ԱԱԾ-ից ստացած պատասխանում հիշատակված է հոկտեմբերի 18-ին տեղադրված հաղորդագրությունը, ըստ որի Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել:

Այսպիսով, Ագարակ, Ուժանիս, Եղվարդ, Խդրանց համայնքների բնակիչները Փելա սարով անցնող՝ նախկինում օգտագործվող ճանապարհով դեպի Կապան գնալու հնարավորություն չունեն 2020թ․ դեկտեմբերի կեսից, սակայն ԱԱԾ-ն չի մեկնաբանում՝ ինչու։ Այժմ բնակիչները դեպի Կապան գնալու համար օգտագործում են Ագարակ-Խդրանց-Վարդավանք-Կապան ավտոճանապարհը։ Սա իր հարցազրույցում ասել էր նաեւ Գեւորգ Փարսյանը, սակայն, փաստորեն, ոչ թե դեկտեմբերին, այլ միայն տասը ամիս անց՝ հոկտեմբերին։

Իրականություն է Փարսյանի այն հայտարարությունը նաեւ, ըստ որի՝ ռուս խաղաղապահները փոխել են իրենց տեղակայման վայրը։ Միայն թե ԱԱԾ-ն մեկնաբանում է, որ խաղաղապահները ոչ թե հեռացել են դիրքից, այլ կենցաղային անհրաժեշտությամբ պայմանակորված վերատեղադրել են իրենց կեցավայր վագոն-տնակը։

Իսկ ինչ վերաբերում է Փարսյանի ցուցադրած ճանապարհահատվածին, որտեղով բնակիչները նախկինում վառելափայտ էին հայթայթում, ԱԱԾ-ն նշում է, որ բնակիչներն այդ տեղամասում կարող են գտնվել խիստ անհրաժեշտության դեպքերում միայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների ուղեկցությամբ:

Ռուսների բացակայության պատճառով հիշատակված տարածքն ամբողջովին ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելու, նախկինում Ագարակ, Եղվարդ, Ուժանիս հասնելու համար հիմնական ճանապարհի վրա հայկական կողմի վերահսկողության բացակայության մասին Փարսյանի պնդումներն ԱԱԾ-ն առհասարակ չի մեկնաբանել, ոչ հերքել է, ոչ հաստատել, նշել է միայն, որ խնդրո առարկա հատվածում դիրքային փոփոխություն չի եղել։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել