Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն այս պահի տվյալներով ունի 6 զոհ․ ՊՆ
10:30 - 19 նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն այս պահի տվյալներով ունի 6 զոհ․ ՊՆ

Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

Նոյեմբերի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 16-ի ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել