ԵԱՏՄ անդամ երկրները վերացրել են խոչընդոտների 80 տոկոսը. Ղազախստանի վարչապետ |armenpress.am|
12:59 - 19 նոյեմբերի, 2021

ԵԱՏՄ անդամ երկրները վերացրել են խոչընդոտների 80 տոկոսը. Ղազախստանի վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները հինգ տարվա ընթացքում վերացրել են Միության խոչընդոտների 80 տոկոսը։  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ունեցած ելույթում այս մասին ասաց Ղազախստանի վարչապետ  Ասկար Մամինը։

«2016 թվականից առ այսօր ԵԱՏՄ շրջանակներում վերացվել է ներքին շուկայում երբևէ գոյություն ունեցող խոչընդոտների 80 տոկոսը։ Մեծածավալ աշխատանք է կատարվել մի շարք կարևորագույն ոլորտներում առևտրի պայմանների ներդաշնակեցման ուղղությամբ»,- ասաց Ղազախստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքների հետագա խթանման համար Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստի շրջանակներում կողմերը հաստատել են բացառումների և սահմանափակումների ցանկը, որոնք ենթակա են վերացման մինչև 2023 թվականի հունվարի 1-ը:

Ղազախստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ արդեն իսկ մեկնարկել է Եվրասիական ապրանքափոխադրման համակարգի հայեցակարգի ձևավորումը։

«Ղազախստանի կողմից նշված ենթակառուցվածքի կառուցման աշխատանքներն արդեն ակտիվորեն ընթանում են։ Ձեռնարկված միջոցառումները դրական ազդեցություն են ունեցել ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտրի վրա, որի ծավալը 9 ամսում կազմել է 52 միլիարդ դոլար ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 32,5 տոկոսով եւ 16,5 տոկոսով ՝ 2019 թվականի մինչհամավարակային ցուցանիշի համեմատությամբ»,- հավելեց Ղազախստանի վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել