Պատվաստումների գործընթացը Հայաստանում․ ամփոփ տվյալներ
17:09 - 23 նոյեմբերի, 2021

Պատվաստումների գործընթացը Հայաստանում․ ամփոփ տվյալներ

Հայաստանում 2021 թվականի ապրիլից մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը։ Մեր երկրում, ի դեպ, վակցինացվում են նաեւ օտարերկրացիներ․ այս տարվա նոյեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ Հայաստանում ամբողջությամբ (երկու դեղաչափով) պատվաստվել է 6984 օտարերկրյա քաղաքացի: Առողջապահության նախարարությունը, սակայն, օտարերկրյա քաղաքացիների պատվաստումների վերաբերյալ վիճակագրությունն ըստ առանձին երկրների քաղաքացիության չի վարում: 

Առողջապահության նախարարությանը խնդրել էինք մեզ տրամադրել որոշ տվյալների վերաբերյալ գերատեսչությունում առկա վերջին տեղեկությունները։

Այսպես, 2021 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում մինչեւ 18 տարեկան 236 անձ է պատվաստել կորոնավիրուսի դեմ։ 

Նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում առկա են ԱստրաԶենեկա, Գամ-Կովիդ-Վակ (Sputnik V), Սինոֆարմ, Կորոնովակ, Մոդեռնա պատվաստանյութերը:

Ստացած տվյալների համաձայն՝ ամենաքիչ դեղաչափ կա Կորոնավակից, ամենաշատը՝ Մոդեռնայից։

Վերոբերյալ ինֆոգրաֆիկայում *-ով նշված է ՀՀ-ում առկա Սպուտնիկ V պատվաստանյութի 2-րդ բաղադրիչի թիվը։ Առողջապահության նախարարի N 438-Ա հրամանի համաձայն՝ պատվաստման առաջին փուլում ներարկում են Սպուտնիկ V-ի առաջին բաղադրիչը՝ 0.5մլ դեղաչափով, երկրորդ փուլում ներարկում են պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը՝ 0.5մլ դեղաչափով, երեք շաբաթ ընդմիջումով: Երկրորդ բաղադրիչի բաղադրությունն առաջինից տարբերվում է։

Նոյեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ կատարվել է 1045446 դեղաչափ պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 705848 քաղաքացի, երկրորդ դեղաչափ՝ 339598 քաղաքացի։ Նշենք, որ պատվաստված համարվում է երկու դեղաչափ ստացած անձը։ Ի դեպ՝ առաջին դեղաչափ ստացած անձանց 705848 թվի մեջ արտացոլված է նաեւ երկրորդ դեղաչափով պատվաստված անձանց թիվը, քանի որ երկրորդ դեղաչափով պատվաստված անձն ինընստինքյան ստացել է նաեւ պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Ուստի նոյեմբերի 16-ի դրությամբ դեռեւս միայն առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 366250 է եղել։

Ստորեւ ցուցադրվող ինֆոգրաֆիկայում առաջին դեղաչափով պատվաստված անձանց թվից հանել ենք երկրորդ դեղաչափով պատվաստված քաղաքացիների թիվը։

Made with Flourish

ՀՀ-ում նոյեմբերի 16-ի դրությամբ առկա ԱստրաԶենեկա պատվաստանյութի դեղաչափերի ժամկետն ավարտվում է 2021թ. նոյեմբերի 30-ին, Գամ-Կովիդ-Վակինը՝  2022թ. փետրվարի 28-ին, Սինոֆարմինը՝ 2023թ. հուլիսի 16-ին եւ սեպտեմբերի 10-ին, Կորոնովակինը՝ 2022թ.-ի մարտի 18-ին, Մոդեռնայինը՝ 2021-ի նոյեմբերի 28-ին, դեկտեմբերի 27-ին, 2022թ. հունվարի 14-ին, հունվարի 22-ին, փետրվարի 14-ին, փետրվարի 27-ին եւ մարտի 5-ին։

Թե որ օրը որ պատվաստանյութից քանի դեղաչափի ժամկետ է ավարտվում, նախարարությունից չէին հստակեցրել, ուստի երկրորդ հարցումն էինք ուղարկել, որտեղ այս հարցին դարձյալ պատասխան չէր տրվել։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից մեր հարցին, թե ինչու չեն տրամադրվել այդ տվյալները, պատասխանեցին, որ պատվաստանյութերի բաշխումը դինամիկ գործընթաց է, տվյալներն անընդհատ փոփոխվող են, ուստի կոնկրետ օրվա դրությամբ տվյալ տալն անհնար է։ Մեր դիտարկմանը, որ անընդհատ փոփոխվող են նաեւ պատվաստումների թվերը, նաեւ այն տվյալները, թե որ պատվաստանյութով քանի անձ է պատվաստվել, ուրեմն՝ նման հաշվարկ անելն ինքնին անհնար չէ, կենտրոնից առաջարկեցին գրավոր հարցմամբ դիմել՝ պահեստում առկա պատվաստանյութերի թիվը տրամադրելու համար։ Ըստ կենտրոնի՝ թիվը բանավոր տրամադրել հնարավոր չէ, քանի որ պետք է տվյալների հաշվարկ ու վերլուծություն անեն, ինչը ժամանակատար է։ Ստացվում է, որ նախարարությունում առկա չեն տվյալներ, թե այս պահի դրությամբ որ խմբաքանակից, որ օրը ժամկետից դուրս եկող քանի պատվաստանյութ է մնացել, քանիսը՝ սպառվել։ Նախարարությունից հարցման պատասխանն ստանալուն պես կհրապարակենք այն։

Հայարփի Բաղդասարյան

Գլխավոր լուսանկարը՝ Նատալիա Վայտկեվիչի, Pexels հարթակից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել