Դպրոցը երկու տնօրեն չի ունենալու. Անդրեասյանը՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումների մասին |armtimes.com|
13:36 - 26 նոյեմբերի, 2021

Դպրոցը երկու տնօրեն չի ունենալու. Անդրեասյանը՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումների մասին |armtimes.com|

armtimes.com: Դպրոցը երկու տնօրեն չի ունենալու: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումներով արդյոք դպրոցները ունենալո՞ւ են երկու տնօրեն:

«Լինելու է մեկ տնօրեն, որը զբաղվելու է բովանդակային հարցերով, այսինքն՝ միայն կրթական մասով: Դպրոցի գույքի կառավարման հարցերն այլևս դպրոցի տնօրենի կողմից չեն որոշվելու որպես նրա գործառույթ: Այսօր, եթե նայենք մեր դպրոցի տնօրենների տարբեր ընտրությունների ժամանակ նրանց ներկայացրած ծրագրերը, ասես՝ շինարարական ծրագրեր լինեն: Որևէ խոսք չկա, որը կվերաբերի կրթության կազմակերպմանը: Պետք է հասկանանք, որ տնօրենից պահանջ ունենք միայն կրթական մասով, տեխնիկական հարցերը պետության ենթակայության տակ են: Մյուս անձը լինելու է դպրոցի վարչատնտեսական հարցերի համակարգողը, որը լինելու է մի քանի դպրոցի համար առանձնացված անձ»,- ասաց Անդրեասյանը:

Ըստ նրա՝ այս քայլով փորձ է արվում հասարակության միջից հանել այն ընկալումը, թե դպրոցը շենք չէ: Առաջնորդը պետք է լինի դպրոցի տնօրենը, ինչպես նաև բովանդակությամբ զբաղվող մարդը: Այս գործընթացը, փոխնախարարի խոսքով, հեշտ չի լինելու: Նախատեսվում է բավական երկարատև պրոցես:

Իսկ թե կնիքն ո՞ւմ մոտ է լինելու, Անդրեասյանն ասաց, որ դրանք կկարգավորվեն օրենքի համապատասխան կարգավորումներով: «Բայց պետք է հասկանալ, որ ֆինանսական պատասխանատվությունը կրելու է վարչատնտեսական հարցերը համակարգողը»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել