Ի՞նչ խողովակներով է Փաշինյանը ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին տեղեկություններ ստանում. ՊՆ-ն հաշվառում չի իրականացնում
17:07 - 10 դեկտեմբերի, 2021

Ի՞նչ խողովակներով է Փաշինյանը ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին տեղեկություններ ստանում. ՊՆ-ն հաշվառում չի իրականացնում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ՀՀ վարչապետի աշխատակազմը չեն ցանկանում մեկնաբանել՝ որ գերատեսչությունն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիները թիվը։

Այս տարվա մայիսին, երբ հակառակորդը ներխուժել էր ՀՀ ինքնիշխան տարածք, իրավասու մարմիններն ադրբեջանցիների թվի մասին հստակ տեղեկություններ չէին տալիս։ Միայն մի քանի թվեր են հնչել․ օրինակ՝ մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ սահմաններից ներս գտնվում են շուրջ 250 ադրբեջանցիներ, իսկ նույն ամսվա 20-ին նա այլ թիվ էր ասել՝ 500-600։ Մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 22-ին, ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ ՀՀ տարածքում գտնվում են շուրջ 1000 ադրբեջանցիներ։

Պաշտոնական հստակ տեղեկատվության բացակայության ֆոնին Infocom-ը նախ հուլիսի 22-ից գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել կոնկրետ օրվա դրությամբ (հուլիսի 22 - օգոստոսի 12) ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի, նրանց տեղակայման վայրի մասին: 

Պաշտպանական գերատեսչությունը մերժել էր տեղեկություն տրամադրել՝ հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի դրույթներ եւ պնդելով, որ հայցված տեղեկությունները գաղտնիք են պարունակում։ Նախարարության պատասխանի համաձայն՝ այդ տեղեկությունների բացահայտումն ուղղակիորեն կարող է հանգեցնել պետական գաղտնիք հանդիսացող՝ ԶՈՒ կիրառման եւ օպերատիվ ծրագրերի, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու հետ կապված, ինչպես նաեւ հետախուզական բնույթի տեղեկությունների բացահայտման:

Քանի որ ՊՆ-ն գաղտնիք պարունակելու հիմքով չէր տրամադրել հակառակորդի զորքի թվի մասին տեղեկություններ, մեկ այլ հարցմամբ խնդրեցինք հստակեցնել՝ Փաշինյանի եւ ԳՇ պետի՝ ավելի վաղ արված հայտարարությունները, որոնք պարունակում էին տվյալ պահի դրությամբ ադրբեջանցիների թվի մասին տեղեկություններ, արդյոք համարվո՞ւմ են գաղտնիք պարունակող, եւ այդ թվերի հրապարակումը համարվո՞ւմ է գաղտնիքի բացահայտում, թե՞ ոչ։ 

Նախարարությունից պատասխանել են, որ նշված հայտարարություններում գաղտնիքի տարր պարունակող արտահայտություններ չկան, իսկ հայտարարությունը գաղտնիքի բացահայտում չի համարվում, քանի որ չի վնասում ՀՀ եւ ՀՀ ԶՈՒ անվտանգությունը։

Առաջնորդվելով վերոբերյալ պատասխանով՝ ՊՆ-ին խնդրեցինք տեղեկություն տալ մայիսի 13-ի (հակառակորդի զորքի թվի մասին Փաշինյանի առաջին հայտարարության օրը) եւ հունիսի 22-ի (հակառակորդի զորքի թվի մասին ԳՇ պետի հայտարարության օրը), ապա նաեւ այդ օրերի միջեւ ընկած ամսաթվերի դրությամբ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին, քանի որ, փաստացի, այդ ընթացքում արդեն բարձրագույն ղեկավարության ներկայացուցչի եւ պաշտպանական կառույցի ղեկավար կազմի ներկայացուցչի հայտարարություններում թվեր հնչել էին։ 

Այս դեպքում, պարզվեց, ՊՆ-ն չի համարում, որ մեր հայցած տեղեկությունների տրամադրումը կարող է հանգեցնել գաղտնիք պարունակող՝ վկայակոչված տեղեկությունների բացահայտման, բացի դրանից՝ ՊՆ-ն առհասարակ չի էլ հաշվում ու արձանագրում, թե մեր ինքնիշխան տարածքում որ օրվա դրությամբ հակառակորդի քանի զինծառայող կա․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում»,- այսպես էին պատասխանել մեր հարցմանը։ 

Այս պատասխանից մեզ հետաքրքրեց՝ եթե ՊՆ-ն «ադրբեջանցիների հաշվառում» չի իրականացնում, ապա ո՞վ կամ ո՞ր գերատեսչությունն է հիշատակված թվերը տրամադրել ՀՀ վարչապետին։ Գրավոր հարցմամբ դիմեցինք վարչապետի աշխատակազմին եւ պաշտպանության նախարարությանը։

Վարչապետի աշխատակազմից պատասխանեցին, որ Փաշինյանի հայտարարությանը հավելելու բան չկա։ 

Իսկ ահա ՊՆ-ն, հավատարիմ մնալով լրատվամիջոցների հետ աշխատանքում իր որդեգրած գործելաոճին, դարձյալ ըստ էության չի պատասխանել Infocom.am-ի գրավոր հարցմանը։ Ընդ որում՝ ընդամենը մեկ նախադասություն գրելու համար գերատեսչությունը նախ մեկ ամիս ժամանակ խնդրեց, ապա պատասխան ուղարկեց հարցումն ուղարկելուց 36 աշխատանքային օր հետո․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին օպերատիվ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է տարբեր խողովակներից, այդ թվում նաեւ պաշտպանական գերատեսչությունից»,- այսպես են պատասխանել հարցին։

ՊՆ-ին եւս մեկ հարցում ուղարկեցինք՝ նշելով, որ մեր հարցին ըստ էության պատասխան չի տրվել, ուստի խնդրեցինք հստակեցնել՝ կոնկրետ օրվա կոնկրետ տվյալը Նախարարությո՞ւնն է տրամադրել գործադիրի ղեկավարին։ ՊՆ-ից այս անգամ հղում արեցին վերոնշյալ նույն պատասխանին։

Ստացվում է՝ վարչապետի աշխատակազմը եւ պաշտպանության նախարարությունը չեն ուզում հստակեցնել՝ վարչապետին ո՞ր գերատեսչությունն է ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թիվ տրամադրել։ Եւ եթե ՊՆ-ն հակառակորդի հաշվառում չի իրականացնում, ապա, տրամաբանորեն, չէր կարող այդ թիվն ինքը տրամադրած լինել։ Սակայն գերատեսչությունը չի էլ հերքել, որ կարող էր այդ թիվը հայտնած լինել։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել