Հանրային քննարկման է ներկայացվել դասագրքերի ստեղծման, հրատարակման վերաբերյալ նախագիծը. Ժաննա Անդրեասյան
10:27 - 01 դեկտեմբերի, 2021

Հանրային քննարկման է ներկայացվել դասագրքերի ստեղծման, հրատարակման վերաբերյալ նախագիծը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի նախագիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով դասագրքի հանդեպ պետության պահանջները:

Նշվում է, որ դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, օգտագործի միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ: Դասագրքում պետք է ապահովված լինեն պատշաճ  հղումնեը:

«Դասագիրքը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստի սովորողի  մոտ  դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը: Դրանից բացի դասագրքի շարադրանքի լեզուն պետք է համապատասխանի տվյալ տարիքային խմբի լեզվամտածողության առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով հնարավորինս պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախատեսվում է, որ դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։ Թղթային դասագիրքը ունենում է իր թվայնացված տարբերակը, որը ձեռք է բերվում դասագրքի հետ միաժամանակ։ Սովորողը, ծնողի  գրավոր համաձայնության դեպքում, կարող է հրաժարվել թղթային դասագրքերից և օգտվել էլեկտրոնային դասագրքերից:

«Նախատեսում ենք, որ դասագրքերի ստեղծման մրցույթը կառանձնացվի դասագրքի հրատարակման մրցույթից։ Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: Ներկայացված է նաև դասագրքերի փորձաքննության կարգը՝ համապատասխանության, բովանդակային, վարկանիշային գնահատման փուլերի միջոցով, ինչպես նաև գնահատող հանձնաժողովների ձևավորման կարգը՝ սահմանված պահանջներին համապատասխանող փորձագետների շտեմարան ձևավորելու և ձևավորված շտեմարանից համակարգչի միջոցով ընտրության միջոցով։Սահմանված է, որ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն հետևյալ մասնագետները՝ տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ, մանկավարժ-մեթոդիստ, մանկավարժ-հոգեբան, հայոց լեզվի մասնագետ, նկարիչ-ձևավորող, բժիշկ-հիգիենիստ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել