Լենա Նանուշյանը մասնակցել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին
14:19 - 01 դեկտեմբերի, 2021

Լենա Նանուշյանը մասնակցել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մեկնել է Ժնև` մասնակցելու Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին:

Այս մասին հայտնում են նախարարությունից, մանրամասնելով, որ վեհաժողովին մասնակցում են ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ:

Նշվում է, որ նստաշրջանի հիմնական նպատակն է դիտարկել համավարակներին պատրաստվածության և արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարությունը։

Մասնակիցները քննարկելու են COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված հարցեր` առավել պատրաստ դիմակայելու թե՛ ներկա վարակի հնարավոր զարգացումներին, թե՛ գալիք վարակներին:

Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նստաշրջանին ելույթով հանդես է եկել Լենա Նանուշյանը, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը քննարկվող հիմնական թեմայի` համավարակներին պատրաստվածության և արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարության վերաբերյալ:

Հայաստանը սկզբունքորեն աջակցում է համաճարակի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար նոր իրավական պարտադիր փաստաթուղթ մշակելու ջանքերին։

«Կարծում ենք, որ COVID-19 համաճարակի դասերը դեռ բավականաչափ ուսումնասիրված չեն և պահանջում են ավելի խորը քննություն: Նախքան համաճարակի դեմ պատրաստվածության և արձագանքման իրավական պարտավորեցնող պայմանագիրը հաստատելու որոշում ընդունելն, անհրաժեշտ է լրջորեն գնահատել անդամ-պետությունների մակարդակով առողջապահական կանոնակարգերը», - ասել է Լենա Նանուշյանը` հավելելով, որ Հայաստանն աջակցում է միջկառավարական բանակցային մարմնի ստեղծման առաջարկին, և այս բոլոր մարտահրավերների դեմ կմշակի համապատասխան արձագանք-լուծումներ, կորոշի միջազգային նոր փաստաթղթի շրջանակը, բովանդակությունը, կառուցվածքն ու վերջնական կարգավիճակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել