Հայաստանում «օմիկրոն»  շտամով վարակված որևէ քաղաքացի չի հայտնաբերվել․ Նիկո Փաշինյան
11:39 - 02 դեկտեմբերի, 2021

Հայաստանում «օմիկրոն» շտամով վարակված որևէ քաղաքացի չի հայտնաբերվել․ Նիկո Փաշինյան

Այսօր՝ կառավարոթւյան նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված կա իրադրության որոշակի մեղմացում․ «Մյուս կողմից սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ նոր շտամ է հայտնաբերվել՝ «օմիկրոն» անվանված։ Դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել այդ շտամով վարակված որևէ քաղաքացի, բայց դեռևս հստակ չի՝ այս նոր շտամը ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը և դեռևս պարզ չի նաև, թե պատվաստանյութերի ազդեցությունը ինչպիսին կլինի, հետևաբար առաջիկայում մենք պետք է որևէ կերպ չթուլացնենք մեր զգոնությունը՝ մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»։

Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ Փաշինյանն ասաց, որ շոշափելի արդյունքներ են գրանցել․ «Ես ընդհանրապես հենվում եմ երկրորդ պատվաստաման թվերի վրա, որտեղ մենք շոշափելի և էական թիվ ունենք․ արդեն 480.000-ի շեմը հատել ենք և մոտենում ենք 500.000-ին։ Բացի շաբաթ կիրակի օրերից՝ մեզ հաջողվում է օրը 20.000-ից ավել պատվաստումներ իրականացնել և հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես նոր հայտնաբերված շտամին անդրադարձավ․ ասաց՝ ուսումնասիրություններ են իրականացվում՝ հասկանալու համար, թե հիվանդացության ծանրության առումով ինչ պատկեր կա, և թե պատվաստանյութերի ազդեցության նվազում գրանցվում է, թե ոչ․ «Առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում ավելի հստակ պատկերը արդեն իսկ կունենանք, բայց մի բան պարզ է, որ անգամ եթե պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի` տվյալ շտամով վարակելիության առումով, միևնույնն է, հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և կարելի է ասել միակ միջացը հիվանդության դեմ պայքարելու»։

Նախարարը ընդգծեց, որ անհրաժեշտ է շարունակել պատվաստումային գործընթացը։ Նա նաև նշեց, որ Հայաստանում 18 տարին լրացած քաղաքացիների 40%-ը ստացել է առաջին դեղաչափը,  իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 23.9%-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել