Եթե ապաշրջափակում լինի, ապա միայն ու միայն սուվերեն ենթակառուցվածքների վերահսկողության տրամաբանության շրջանակներում․ Արմեն Գրիգորյան
14:03 - 02 դեկտեմբերի, 2021

Եթե ապաշրջափակում լինի, ապա միայն ու միայն սուվերեն ենթակառուցվածքների վերահսկողության տրամաբանության շրջանակներում․ Արմեն Գրիգորյան

Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու են, բայց, ընդհանուր առմամբ, մեր օրակարգը շարունակում է մնալ այն, որ միջազգային տրամաբանությամբ որեւէ քննարկում չի կարող լինել։ Մենք պատրաստ ենք ապաշրջափակմանը, պատրաստ ենք քննարկել վերականգնելու այն ենթակառուցվածքները, որ գոյություն են ունեցել խորհրդային շրջանում։ Այս մասին Ազատություն ՌԿ-ի հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Պատրաստ ենք նաեւ քննարկել ուղիները, որոնք հնարավոր է բացել, այսինքն՝ ճանապարհային այն ուղիները, որ Ադրբեջանը մեզ է տրամադրելու, որ օգտագործենք այլ երկրների հետ կապվելու համար, եւ այն ճանապարհները, որոնցով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Նախիջեւանի հետ կապի համար։ Դեռեւս չի հաջողվում համընդհանուր համաձայնություններ ձեւակերպել, բայց կարծում ենք, որ աշխատանքները շարունակվելու են։ Պլանավորվում է մոտ ժամանակներում եւս հանդիպում կազմակերպել, եւ ավելի հստակեցնելու դեպքում, եթե լինեն առաջընթացներ, կտեղեկացվի հանրությանը»,- նշեց նա։

Հարցին՝ չի հաջողվում, որովհետեւ Բաքուն պնդում է, որ միջա՞նցք է ուզում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանը որեւէ միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկել եւ չի քննարկելու․ «Շարունակում ենք պնդել, որ մեր քննարկումները ամբողջովին պետք է մնան նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի հայտարարությունների տրամաբանության մեջ, որտեղ միջանցքի մասին խոսք չկա եւ չի էլ կարող լինել»։

Հայաստանն այս առումով, Գրիգորյանի խոսքով, կոնստրուկտիվ է եւ պատրաստ է առաջ տանել քննարկումները։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չի կարողանում դրսեւորել քաղաքական այնպիսի կամք, որը հնարավորություն կտա Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք բխում են հայտարարություններից, առաջ տանել։

«Եթե ապաշրջափակում լինի, ապա այն լինելու է միայն ու միայն սուվերեն ենթակառուցվածքների վերահսկողության տրամաբանության շրջանակներում, ինչպես նաեւ սահմանային այլ ծառայությունների տրամաբանության շրջանակներում։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը ցանկանա անցում կատարել դեպի ՀՀ տարածք, ապա սահմանային անցակետի բոլոր օրենսդրական պահանջներն անցնելու է, նոր անցնի ՀՀ տարածք, նույնը, կարծում  եմ, մենք ենք կատարելու, երբ անցնենք Ադրբեջանի տարածք։ Սա Հայաստանի մոտեցումն է ընդհանուր ապաշրջափակմանը»,- ասաց Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել