Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի թեկնածուները քննարկում են խոշորացված համայնքի հավասարաչափ զարգացման իրենց ծրագրերը
23:50 - 02 դեկտեմբերի, 2021

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի թեկնածուները քննարկում են խոշորացված համայնքի հավասարաչափ զարգացման իրենց ծրագրերը

Վանաձոր խոշորացված համայնքում այժմ երեք գյուղ է ներառված՝ Շահումյանը, Գուգարքը և Դարպասը։ Հարցին՝ ինչպե՞ս են թեկնածուները պատկերացնում խոշորացված համայնքի հավասարաչափ զարգացումը,  «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Մամիկոն Ասլանյանը նշեց, որ Վանաձորը երբեք գյուղական բաղադրիչ չի ունեցել ու այս առումով կարող են խնդիրներ ծագել։ 

«Խոշորացման պրոցեսում ծագելու են բազմաթիվ օրենսդրական և այլ խնդիրներ, որոնք պետք է կարողանալ անցնել սահուն, նկատի ունեմ՝ կազմակերպչական առումով։ Ինչպես եմ ես մտածում․ ես կարծում եմ, որ քաղաքը պետք է գյուղին չկլանի և գյուղն էլ քաղաքին, բայց պետք է այնպիսի շղթա ստեղծել, որ կարողանանք ներքին սպառումը ապահովել, թե՛ գյուղարտադրության, թե՛ իրացման առումով։ Ի դեպ մեր ծրագրերի մեջ նշված է, ես էլ բազմաթիվ ուսումնասիրություններ ունեմ Շահումյան գյուղի հյուրատնային տուրիզմի զարգացման հետ կապված։ Ու նաև Մայմեխ լեռնադահուկային ծրագիր էր մեկնարկում, որը չգիտեմ՝ ում պատճառով կրախի մատնվեց, չկարողացան բանակցությունները նորմալ տանել, և այդ մարդիկ որոշեցին այլ տեղ գնալ, բայց բոլոր դռները դեռ փակված չեն։ Իսկ Գուգարք համայնքը ավանդական գյուղ է, այնտեղ կարծում եմ արժի ստեղծել տոնավաճառի նման գյուղմթերքների ցուցահանդես-շուկա»։ 

«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Վազգեն Թորոսյանը ընդգծեց պլանային տնտեսության անհրաժեշտության մասին։

«Իմ կարծիքով՝ պետք է վարվի պլանային տնտեսություն։ Այսօր Վանաձոր քաղաքի ներսում կան 3 խոշոր պահածոացման գործարաններ ու 5-ից ավելի մանր գործարարններ, պետք է այդ մարդկանց հետ պլանավորել՝ ինչ կարող եք մթերել այս տարվա ընթացքում և գյուղացու հետ համագործակցվի տարվա սկզբից։ Մենք դրանից կարող ենք օգտվել․ քաղաքացին իր աշխատատեղը կունենա, գյուղացին էլ նորմալ իր աշխատանքը կիրացի»։ 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Հրանտ Այվազյանը գյուղական համայնքների խոշորացումը դիտարկում է առավելություն։

«Վանաձորի կենտրոնական հատվածում ազատ տարածքներ չի մնացել, որպեսզի մենք կարողանանանք առաջարկել մեր ներդնողներին, բայց գյուղական համայնքերում կան։ Միևնույն ժամանակ գյուղական համայնքներում կարելի է զարգացնել ոչ ավանդական գյուղատնտեսությունը, ինչի փորձը մենք ունենք»։ 

Մինչդեռ «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու Անդրանիկ Ղուկասյանի խոսքով՝ ընդունվել է սխալ որոշում, որ երեք համայնքերը միացվել են Վանաձորին։ 

«Հարկավոր էր նախ և առաջ Վանաձորը բարեկարգել, նոր եթե անհրաժեշտության լիներ միացվեին։ Դա եղել է միակողմանի որոշում, և մեր հարցումները ցույց են տվել, որ երեք գյուղերի բնակիչներն էլ դժգոհ են։ Հիմա հարկավոր է, որ ինտեգրման պրոցեսը արագ կատարվի․ ստեղծել մշակութային օջախներ՝ գրադարաններ, ակումբներ, բարեկարգել փողոցները, բարարելավել տրանսպորտի աշխատանքը, որպեսզի այդ գյուղերի բնակիչները ինտեգրվեն։ 

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության թեկնածու Արամ Խաչատրյանը խոշորացման հետ կապված չհամաձայնեց Անդրանիկ Ղուկասյանի հետ։ 

«Երբ որ մենք սուբվենցիոն ծրագրեր էինք իրականացնում փոքր համայնքերը չէին կարողանում մասնակցել, բայց խոշորացումից հետո, երբ ես շրջայց էի կատարում օրինակ՝ Ախթալայում, այնտեղ բոլոր համայնքերում աշխատանքներ էին կատարվում, բոլոր համայնքները համաչափ զարգանում էին»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել