Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում խաղաղ ցույցի ժամանակ բռնության գործադրումը
16:29 - 04 դեկտեմբերի, 2021

Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում խաղաղ ցույցի ժամանակ բռնության գործադրումը

Ադրբեջանի ոստիկանությունը 2021 թ. դեկտեմբերի 1-ին ուժի կիրառմամբ ցրել է Բաքվի կենտրոնում խաղաղ բողոքի ակցիան և ձերբակալել տասնյակ ցուցարարների: Այդ մասին ասված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

Կազմակերպությունում նշել են, որ ակցիայի ժամանակ ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք անմիջապես, առանց նախազգուշացման՝ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ցուցարարներին, իսկ համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանները ծեծի ենթարկում նրանց:

Բերման ենթարկվածների թվում է ընդդիմության առաջնորդ Թոֆիգ Յաղուբլուն, որը բազմաթիվ վնասվածքներ է ստացել ոստիկանությունում կալանքի տակ պահվելու ժամանակ։ 60-ամյա Յաղուբլուն հայտարարել է, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրեն՝ պահանջելով տեսախցիկի առջև հանդես գալ հայտարարությամբ, որ կդադարի քննադատել Ադրբեջանի ղեկավարությանը:

«Նրա դեմքին և մարմնի վրա դաժան վերաբերմունքի ակնհայտ հետքեր կային։ Տեսագրության մեջ Յաղուբլուն ասել է, որ սկզբում ոստիկանությունը իրեն տարել է բաժին, որտեղ, նրա խոսքով, ժամանել են ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, որոնք նրան ձեռնաշղթաներ և պարկ են հագցրել և սկսել են ծեծել: Նրան նստեցրել են մեքենան և շարունակել ծեծել մինչև քաղաքից դուրս գալը: Նրանից պահանջել են տեսախցիկի առաջ հայտարարել, որ կդադարեցնի քաղաքական պայքարը և չի քննադատի նախագահ Իլհամ Ալիևին»,- ասված է փաստաթղթում։

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Գեորգի Գոգիան նշել է. «Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ լկտի արհամարհանք են դրսևորել խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու՝ մարդկանց իրավունքի նկատմամբ և բռնություն են կիրառել այլախոհությունը ճնշելու համար»:

Անդրադառնալով Յաղուբլուի ձերբակալությանը՝ Գոգիան նշել է. «Յաղուբլուի հետ սարսափելի դաժան վերաբերմունքը հարձակում էր ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ խաղաղ հավաքների ազատության վրա: Հաշվի առնելով Ադրբեջանի վատ համբավը ոստիկանական չարաշահումների հետ կապված՝ իշխանությունները պետք է ապահովեն արդյունավետ և անաչառ հետաքննություն և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»:

Դեկտեմբերի 1-ին ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ կասեցրել էր Բաքվի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակում անցկացվող խաղաղ ցույցը՝ Գյադաբեի շրջանի գործադիր իշխանության նախկին ղեկավար Սալեհ Ռուստամովին ազատ արձակելու պահանջով: Նա կալանքի տակ էր 2018 թ.-ից, իսկ 2019 թ. փետրվարին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Ակցիայի մասնակիցները դա համարում են քաղաքական պատվեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել