ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները կոչ են արել ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հետ՝ ահաբեկչությանը հակազդելու համար |1lurer.am|
17:46 - 04 դեկտեմբերի, 2021

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները կոչ են արել ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հետ՝ ահաբեկչությանը հակազդելու համար |1lurer.am|

1lurer.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները մտահոգված են համացանցի միջոցով բռնության և ահաբեկչության հրահրման գաղափարների տարածման կապակցությամբ և կոչ են անում ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հետ:

Այդ մասին նշված է ՀԱՊԿ ԱԳ նախարարների՝ Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովի շրջանակում ընդունած համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:

«Մտահոգություն ենք հայտնում, այդ թվում՝ համացանցի միջոցով ատելության խոսքի և գաղափարների տարածման կապակցությամբ, որոնք հրահրում են բռնություն և սնուցում են ահաբեկչությունը»,- ասված է հայտարարության մեջ: Տեքստում ընդգծվել է տեղեկատվական գրագիտության զարգացման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, հատկապես երիտասարդության շրջանում՝ ատելության քարոզչությունն ու ահաբեկչական գաղափարների տարածումը կանխելու համար:

Բացի այդ, նախարարները «լուրջ մտահոգություն են հայտնել ահաբեկչական նպատակներով համացանցի օգտագործման աճի կապակցությամբ, ներառյալ՝ ահաբեկչական հարձակումների ուղիղ հեռարձակումները»: Նրանք ընդգծել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում միասնականության անհրաժեշտությունը՝ ընդգծելով այդ սպառնալիքին դիմակայելու հարցում ռազմավարությունների անհրաժեշտությունը:

Նախարարների խոսքով՝ անհրաժեշտ է կատարելագործել ահաբեկչության դեմ պայքարի առաջադիմական մեթոդները, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ անդամ երկրների միջև՝ անվտանգության ամրապնդման նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել