Ինքնակամ կառույցներն այլեւս չեն օրինականացվելու․ կառավարությունը նախագծերի փաթեթ ընդունեց
12:10 - 09 դեկտեմբերի, 2021

Ինքնակամ կառույցներն այլեւս չեն օրինականացվելու․ կառավարությունը նախագծերի փաթեթ ընդունեց

ՀՀ կառավարությունը քննարկում է ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ անելու մի նախագիծ, որով առաջարկվում է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը: 

Ներկայումս ինքնակամ կառույցի հասկացությունը, ինչպես նաև դրա օրինականացման համար անհրաժեշտ դրույթները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով: Ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացի առավել ամբողջական կարգավորումը սահմանվել է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ:

Նախագծի հիմնավորման մեջ Արդարադատության նախարարությունը նշել է, որ, ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, համայնքի ղեկավարի պարտականությունների թվում է ինքնակամ շինարարության կանխարգելումը և կասեցումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման ապահովումը: Ընդ որում, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված գործող իրավակարգավորումների՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով:

«Փաստորեն, ըստ գործող իրավակարգավորումների, համայնքի ղեկավարը, որի պարտականությունների թվում է նաև ինքնակամ շինարարության կանխարգելումը և կասեցումը, միևնույն ժամանակ օրենսդրությամբ օժտված է համայնքի վարչական տարածքում իրականացված ինքնակամ կառույցների օրինականացման լիազորությամբ: Վերոնշյալ իրավակարգավորումների նախատեսման արդյունքում բազմաթիվ շինությունների օրինականացման գործընթացը սկսվեց միայն դրանց կառուցումն ավարտին հասցնելուց հետո: Արդյունքում, տեղի ունեցավ առանց շենքերի ճակատների տեխնիկական վիճակի և անհրաժեշտ ճարտարապետական պատշաճ տեսքի պահպանման շինությունների օրինականացում»,- ընդգծել է նախարարությունը:

Նախագծում նշված է, որ ձևավորված արատավոր պրակտիկայի և առկա օրենսդրական խնդրի մասին է վկայում ՀՀ-ում ինքնակամ կառույցների հսկայական թիվը․ «Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ինքնակամ կառույցների վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորումները՝ բացառելով դրանց օրինականացման հնարավորությունը, ինչը կստիպի քաղաքացիներին և իրավաբանական անձանց շինարարական թույլտվություն պահանջող ցանկացած շինարարական գործունեություն իրականացնելուց առաջ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ շինարարական թույտվություն, իսկ շինարարական գործունեությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ»: 

Այսպիսով, «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների և այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար երկու ռեժիմ է սահմանվել․

1) Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների օրինականացման նկատմամբ տարածվում են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները:

Նշյալ կարգավորումները գործելու են նաև կիսակառույց ինքնակամ կառույցների՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կառուցված հատվածի վրա:

2) օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը և վերջիններս ենթակա են լինելու քանդման: Ընդ որում, ինքնակամ կառույցների քանդման համար նույնպես նախատեսվում է երկու ռեժիմ: Առաջին դեպքը վերաբերում է հողամասի սեփականատիրոջ կողմից իր կողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդմանը (ապամոնտաժմանը): Մասնավորապես, ըստ Քաղաքացիական օրենսգրքի նախագծով առաջարկվող իրավակարգավորման, հողամասի սեփականատերը կարող է առանց դատարան դիմելու քանդել իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Երկրորդ իրավիճակը վերաբերում է ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման հնարավորությանը, որը հնարավոր է իրականացնել բացառապես դատական կարգով: Միևնույն ժամանակ, սահմանվել է, որ պետական կամ համայնքային հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման մասին որոշում կայացնում է համայնքի ղեկավարը:

Երեւանի սահմաններում կառուցված ինքնակամների ներկայացման եւ հաշվառման համար տրված է ժամկետ մինչեւ 2023-ի հունվարի մեկը, այն համայնքները, որտեղ կան քաղաքային բնակավայրեր, մինչեւ 2024-ն է տրված, եւ գյուղական բնակավայրերում՝ մինչեւ 2025-ի հունվարի մեկը։

Բացի վերոնշյալից՝ ՏԻՄ եւ Երեւան քաղաքում ՏԻՄ մասին օրենքներում նախատեսվել են կարգավորումներ, որոնցով համայնքի ղեկավարին և Երևանի քաղաքապետին վերապահվել է համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման որոշում կայացնելու և իրենց լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով նշված որոշման կատարման ապահովման իրավասություն: 

Իսկ ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել են կարգավորումներ, որոնց համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցի քանդման նկատմամբ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին վերապահվել է վերահսկողական լիազորություն, որն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույցի քանդման որոշման կայացման և որոշման կատարման ապահովման նկատմամբ: Նշված լիազորությունը Տեսչական մարմինը կիրացնի տեղական ինքնակառավարման մարմնում ստուգումների իրականացմամբ և խախտումներ հայտնաբերելու դեպքում հանձնարարականներ տալով՝ ուղղված բացահայտված խախտումների և թերությունների որոշակի ժամկետում վերացմանը: Նախագծով նաև նախատեսվել է ստուգման արդյունքների հիման վրա Տեսչական մարմնի կողմից հայանքի ղեկավարի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորություն:

Նախագծով նախատեսվել է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցի վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից քանդման որոշում չընդունելու կամ նշված որոշման կատարումը չապահովելու դեպքում նշված լիազորությունները Տեսչական մարմնին փոխանցելու հնարավորություն: Նախագծով նաև նախատեսվել է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին տեսչական մարմնի կայացրած վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելու կարգը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի համապատասխան հոդվածներում էլ հստակեցվել են դիսպոզիցիաները՝ համապատախանեցնելով ինքնակամ կառույցի հասկացությանը, միևնույն ժամանակ ավելացվել են սանկցիաների չափերը: 

Պատասխանատվության չափերի ավելացումը, նախարարության մեկնաբանամամբ, նպատակ է հետապնդում կանխել ինքնակամ կառույցների կառուցման հնարավորությունը և կանխել վարչական տուգանքները վճարելուց հետո իրավախախտ վարքագիծը շարունակելու պրատիկան: 

Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվել են կարգավորումներ, համաձայն որոնց՝ հողամասերում ինքնակամ շինարարության արդյունք շենքերը, շինությունները քանդելու արդյունքում պատճառված վնասի հատուցումն իրականացվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: 

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման մասին կայացված վարչական ակտը համապատասխանաբար դատական կարգով վիճարկելու կամ վարչական կարգով բողոքարկվելու դեպքում դրա կատարումը չի կասեցվում: Նման իրավակարգավորումների նախատեսման դեպքում նշված վարչական ակտի վիճարկումը ինքնաբերաբար չի հանգեցնի դրա կատարման կասեցմանը: 

Իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է Կադաստրի կոմիտեի նոր լիազորություն, ըստ որի՝ այն օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցների հաշվառում:

Արդարադատության նախարարության մեկնաբանմամբ՝ մշակված նախագծերի հիմնական նպատակն է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը, ինչն ինքնին կապահովի ցանկացած շինության կառուցումը բացառապես իրավասու մարմնի կողմից թույլտվության, ինչպես նաև օրենսդրությամբ անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային և այլ փաստաթղթերի հիման վրա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ նշեց, որ Կադաստրի կոմիտեն ՀՀ բնակավայրերի օդային լուսանկարներ է անում, եւ կոնկրետ ժամկետի դրությամբ ՀՀ-ում կունենանք իքս ամսաթվով առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը հայտնեց, որ նկարահանումների դաշտային աշխատանքները հարյուր տոկոսով ավարտված են, ապագայում կան որոշ անելիքներ, բայց շուտով ամբողջական մշակված տեղեկություններ կունենան։ 

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խոսքով՝ ըստ մեխանիզմի՝ արագ գործողություններ պետք է ձեռնարկեն հատկապես այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021-ի հունվարից մինչեւ այս օրենքի ուժի մեջ մտնելը։ Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի հաշվառվեն Կադաստրի կոմիտեում, ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր, որոնք ապագայում կսահմանի կառավարությունը։ 

Կառավարության ղեկավարը, սակայն, կարծիք հայտնեց, որ այս նախագիծը բացեր ունի․ մարդիկ հնարավորություն ունեն մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը (իսկ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից տասն օր անց) կառուցել բազմաթիվ ինքնակամ շինություններ, գրանցել դրանք։ Նա պնդեց, որ պետք է շտկվի այդ մասը, գոնե հետադարձ ուժ տրվի օրենքին։ 

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասաց, որ հարցը քննարկելիս եզրահանգել են, որ կարգավորումներով բաց մնացող երկու ամսվա համար համայնքային իշխանույթուններին եւ տեսչական մարմիններին պետք է խնդրեն առավել ուժեղացված ռեժիմ պահպանել։ 

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ ասաց, որ շատ են փորձել լուծումներ գտնել, եւ այս պատճառով, որ փորձեն էլի քննարկումների ժամանակ կորցրել, կարող է ավելի վտանգավոր լինել, դրա համար խնդրել են հրատապ անցկացնել այս նախագիծը։ Նրա խոսքով՝ եթե այսօրվա գրած ժամկետներով ընդունեն նախագիծը, ապա ԱԺ-ում լուծում տալ հարցին, շատ ավելի շուտ կլինի օրենքի ուժի մեջ մտնելը։

Երկար քննարկումից հետո Փաշինյանը համաձայնեց անհետաձգելի ճանաչել օրենքի նախագիծը՝ հարցնելով՝ ԱԺ իրենց գործընկերները ներգրավված եղե՞լ են քննարկումներին։ Դրական պատասխան ստանալուց հետո ասաց, որ պետք է խնդրել՝ ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրեն, արագացված կարգով օրենքն ընդունեն, բայց այս ընթացքում էլ բարձրացված մտահոգությունները լուծելու միջոցներ գտնեն, ոստիկանությանն էլ խնդրեն՝ համապատասխան մարմինների հետ համագործակցութամբ կարողանան կանխել խնդրի խիստ բռնկումը։

Փաշինյանի խոսքով՝ պետք է շատ օպերատիվ լինել, որպեսզի հակառակ էֆեկտ չստացվի։

Նախագիծն ի վերջո ընդունվեց, այն կուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել