Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին
17:46 - 10 դեկտեմբերի, 2021

Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին

Նիկոլ Փաշինյանն Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին՝ այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Հակոբ Սիմիդյանին: «Պարոն Պետրոսյանը նոր պաշտոն է ստանձնելու: Գիտեք՝ արդեն նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Պարոն Սիմիդյանն առաջին անգամ է նշանակվում կառավարության անդամ, և ուզում եմ նրան հաջողություններ մաղթել այս կարևոր ու պատասխանատու պաշտոնում: Շրջակա միջավայրի ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանի համար, այլև գլոբալ առումով ունի ռազմավարական նշանակություն: Իհարկե, այստեղ Հայաստանի Հանրապետությունը պիտի հանդես գա որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, և մեր ազգային քաղաքականությունը նույնպես պիտի հիմնված լինի այս տրամաբանությամբ և մեր ազգային պետական շահերի վրա», - ասել է Նիկոլ Փաշինյանը:  

Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար և շնորհավորել Հակոբ Սիմիդյանին. «Շուրջ մեկուկես տարի համագործակցությամբ բավականին բարեփոխումներ ենք նախաձեռնել այս թիմով, ինչը նաև զուգադիպեց մեր պետւթյան համար բավականին դժվար շրջափուլի հետ: Վստահ եմ՝ այս թիմը պատվով դուրս եկավ այս շրջանից: Պարոն Սիմիդյանին շնորհավորում եմ նոր նշանակման կապակցությամբ: Քաջածանոթ լինելով մեր քաղաքական գործընկերոջ անձնական և մասնագիտական որակներին՝ վստահ եմ, որ նույն թիմով և տարբեր փոխատեղումներով պարոն Սիմիդյանը նոր նշաձող կսահմանի Շրջակա միջավայրի կառավարման կարևորագույն ոլորտում»:

Նորանշանակ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Պետրոսյանին նման բարդ ոլորտը բարդ շրջանում ղեկավարելու համար: Այն ծրագրերը, որ այժմ իրականացվում են նախարարության կողմից՝ կլինեն շարունակական և կփորձենք ավելի արդյունավետ դարձնել աշխատանքները: Հույս ունեմ, որ դրանցով մենք շրջակա միջավայրին և, ինչու չէ, տնտեսությանը զարկ կտանք և կզարգացնենք»,- ասել է Հակոբ Սիմիդյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել