Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է․ՔԿ
19:12 - 10 դեկտեմբերի, 2021

Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է․ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կալանավորվել է Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը, 2004 թ. մարտից մինչև 2017 թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի պաշտոնը, իսկ 2017 թ. նոյեմբերից մինչև 2018 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում լինելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարը, կատարել է մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ պաշտոնյան, նպատակադրվելով ակնհայտ կեղծ տվյալների օգտագործմամբ, միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ գումարներ հափշտակել, կազմակերպել և խմբի կազմում իրագործել է պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն, մշակել միասնական պլան՝ ներգրավելով նաև նույն գործակալության երկու աշխատակիցների:

Նախնական տվյալներով՝ պետությանը պատճառված վնասը կազմում է ավելի քան 231մլն ՀՀ դրամ գումար:

Բացի դրանից, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի նախկին ղեկավարը, նախապես տեղեկանալով Վարդենիս քաղաքի երկու բնակչի կողմից ընդհանուր օգտագործման համար նախատեսված զբոսայգու տարածքն ապօրինի զավթելու և հասարակական կառուցապատման համար չնախատեսված վայրում առանց շինարարական թույլտվության սրճարաններ կառուցելու մտադրության մասին, բանավոր համաձայնություն է տվել վերջիններիս գործողություններին, որևէ միջոց չի ձեռնարկել՝ ապօրինի հողօգտագործումը և ինքնակամ շինությունների կառուցումը օրենքով սահմանված կարգով կանխարգելելու, դրանց հետևանքները վերացնելու և քաղաքացիների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ՝ այդ կերպ էական վնաս պատճառելով համայնքին:

Նախաքննության ընթացքում Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության հիշյալ երկու աշխատակիցներն ընդունել են շուրջ 231 942 500 ՀՀ դրամ գումարի հափշտակության փաստը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդ­վա­ծի 3-րդ մասի 1-ին կետով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցանք կատարած անձանց ի հայտ բերելու և վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել