Վահան Քերոբյանը և Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն քննարկել են տնտեսության որոշ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը
11:32 - 13 դեկտեմբերի, 2021

Վահան Քերոբյանը և Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն քննարկել են տնտեսության որոշ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Հանդիպման հիմնական նպատակն էր նախանշել 2022 թվականին երկու երկրների տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունները։

Հանդիպման սկզբում նախարար Քերոբյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը տնտեսության մի շարք ոլորտներում։ «Մեր երկրների հումանիտար և քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Մենք պատրաստ ենք անել առավելագույնը մեր երկրների համագործակցության տնտեսական ուղղությունը զարգացնելու համար», - ասել է Վահան Քերոբյանը։

Դեսպան Անն Լույոն ընդգծել է դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստի շրջանակում ստորագրված Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի կարևորությունը և նշել, որ տնտեսության ոլորտում երկու երկրները շատ անելիքներ ունեն։

Հանդիպմանը ներկա էր նաև Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզան, ով տեղեկացրել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունն առաջիկայում նպատակ ունի օժանդակել Հայաստանին մշակույթի ու տնտեսական զարգացման ոլորտներում։ Նա կարևորել է իրենց կողմից կառուցվող Վեդու ջրամբարի՝ որակային առումներով շատ օրինակելի նախագիծ լինելը և նշել, որ նման նախագծերը նպատակ ունեն զբաղվածություն ապահովել մարզերում, ինչպես նաև նպաստել գյուղական համայնքերի զարգացմանը։

Ռաֆայել Ժոզայի խոսքով, գործակալությունը հետաքրքրված է նաև հաղորդակցության և գյուղական ճանապարհների վերակառուցման նախագծերում ներդրումների իրականացմամբ։

Հանդիպման ընթացքում նախարարը հակիրճ ներկայացրել է Հայաստանի կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածով նախատեսված միջոցառումները։ Որպես առաջնահերթ խնդիրներ՝ նա առանձնացրել է ոռոգման ջրի, ջրային ռեսուրսների կառավարման, հողային բարեփոխման անհրաժեշտությունը։ Վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը հետաքրքրել է ֆրանսիական կողմին: Դեսպանի տեղեկացմամբ, նրանք նախատեսում են Հայաստանում գործունեություն ծավալել նաև արևային էներգիայի ոլորտում և տեղադրել արևային պանելներ ջրամբարների վրա։

Համագործակցության ոլորտները քննարկելիս՝ Վահան Քերոբյանը խոսել է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրություն սկսելու հետաքրքրվածության մասին։ Ընդգծելով, որ այս հարցն այժմ էկոնոմիկայի նախարարության ուշադրության կետրոնում է, նա առաջարկել է ֆրանսիական կողմին դիտարկել այս ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին դեսպանը տեղեկացրել է Վահան Քերոբյանին, որ 2022 թվականի  տարեսկզբին Ֆրանսիայում նախատեսվում է տնտեսական համաժողովի անցկացում և հրավիրել հայկական կողմին մասնակցելու համաժողովին։ Նախարարն ընդունել է դեսպանի հրավերը և տեղեկացրել, որ անձամբ կմասնակցի համաժողովին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել