Գերմանիան շարունակելու է նպաստել ՀՀ-ում անցկացվող դատաիրավական բարեփոխումներին. ՍԴ նախագահն ընդունել է Վիկտոր Ռիխտերին
19:57 - 15 դեկտեմբերի, 2021

Գերմանիան շարունակելու է նպաստել ՀՀ-ում անցկացվող դատաիրավական բարեփոխումներին. ՍԴ նախագահն ընդունել է Վիկտոր Ռիխտերին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը դեկտեմբերի 15-ին  քաղաքավարական հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ:
 
Շնորհավորելով Վիկտոր Ռիխտերին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-գերմանական իրավական հարաբերությունների ու համագործակցության հետագա զարգացմանը:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վիկտոր Ռիխտերը նշել է, որ Գերմանիան շարունակելու է նպաստել Հայաստանում անցկացվող ժողովրդավարական ու դատաիրավական բարեփոխումներին:
 
Դեսպանը վստահեցրել է, որ անհրաժեշտ ջանքեր կներդնի՝ ընդլայնելու հայ-գերմանական երկկողմ փոխգործակցությունը նաև սահմանադրական արդարադատության ոլորտում:
 
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև իրավական կապերի ակտիվացման, մասնավորապես իրավունքի գերակայության, սահմանադրական արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս առումով երկուստեք ընդգծվել է Սահմանադրական դատարանի և գերմանական տարբեր մասնագիտական գործակալությունների երկխոսության և տեխնիկական գործակցության կարևորությունը:
 
Դեսպան Ռիխտերի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը և ներկայումս իրականացվող ինստիտուտիցոնալ ծրագրերի ընթացքը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել