Եթե հաջողվի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, կոմունիկացիաների բացման նախագիծը կարող է ավելի մեծ մասշտաբ ստանալ․ Փաշինյան
11:43 - 16 դեկտեմբերի, 2021

Եթե հաջողվի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, կոմունիկացիաների բացման նախագիծը կարող է ավելի մեծ մասշտաբ ստանալ․ Փաշինյան

Ես տեղեկացրել եմ, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում։ Ըստ էության՝ այդ պայմանագիրն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և ահա Բրյուսելում ԵՄ խորհրդրի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը այս ամենը արձանագրվեց»,- հավելեց Փաշինյանը՝ նշելով, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն, փոխադարձության սկզբունքով՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո:

Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի ինքնավար Հանրապետության հետ։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ վարչապետն ասաց, որ եթե հաջողվի որոշակի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, և հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացման, այս նախագիծը կարող է ավելի մեծ մասշտաբ ստանալ․ «Մենք պիտի սկսենք երկաթուղու շինարարությունը, իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա տանելու՝ նախագծելու, մրցույթներ հայտարարելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Իհարկե, այդ աշխատանքի մի մասն արդեն արված է»։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ։ ՀՀ ԱԳՆ խոսնակն էլ արձագանքել էր այս հայտարարությանը՝ նշելով․ «Դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։

Փաշինյանի խոսքով՝ ավելի նեղ կազմով խորհրդակցություն կլինի, որ ավելի կոնկրետացնի ՀՀ պատկերացումները, ճանապարհային քարտեզը․ «Մեր մտադրությունը և ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին։ Չեմ ուզում գերագնահատել այս նախագծի նշանակությունը, մյուս կողմից չեմ էլ ուզում թերագնահատել․ սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը հույս ունեմ՝ ճշգրիտ ձևով մենք կիրագործենք, որն էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, նաև քաղաքական և անվտանգային միջավայրը։ Եվ մենք առաջիկայում պետք է կենտրոնանանք նաև այս խնդրի լուծման վրա»։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ, որ շփումները կշարունակեն օրակարգի հարցերի շուրջ՝ փորձելով ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ, ու համաձայնեցնել և հաղթահարել տարաձայնությունները, որոնք առկա են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել