ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը այսուհետև կկոչվի միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ |armenpress.am|
14:23 - 16 դեկտեմբերի, 2021

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը այսուհետև կկոչվի միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնը այսուհետ կկոչվի միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:

Ազգային ժողովում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով «ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կիրակոսյանը նշեց, որ օրենքի շուրջ երկու տարվա գործնական կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշակի բարդություններ և խնդիրներ, որոնց լուծումից ուղղակիորեն կախված է ոչ միայն Եվրոպական դատարանում, այլև միջազգային այլ ատյաններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության որակը, ինչպես նաև Ներկայացուցչի՝ իր լիազորությունների առավել ամբողջական, պատշաճ և անկաշկանդ իրականացնելու հնարավորությունը:

«Փոփոխվում են պաշտոնի անվանումը և օրենքի վերնագիրը, համապատասխանաբար, համակարգային առումով փոփոխություն է գնում՝ տալով այնպիսի ձևակերպում, որն իր մեջ կներառի բոլոր ատյաններում ներկայացուցչության փաստը, այս պահին ընտրված ձևակերպումը՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ:

Նաև օրենսդրորեն հստակ ամրագրվում են ներկայացուցչի լիազորությունները՝ ՀՀ շահերը միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում հաշտարարության գործընթացներում ներկայացնելիս, ինչպես նաև միջազգային արբիտրաժային վճիռների և որոշումների, օտարերկրյա դատարանների կամ վճիռների, կամ որոշումների բողոքարկման, ճանաչման և կատարման փուլերում»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել