Վաչե Տերտերյանը մասնակցել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին
21:32 - 22 դեկտեմբերի, 2021

Վաչե Տերտերյանը մասնակցել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (#LEAD) ծրագրի ղեկավար հանձնաժողովի առցանց նիստին։

Նախարարությունը հայտնում է, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայաստանի կառավարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով Հայաստանում տեղայնացնել Եվրոպական միությունում լայնորեն կիրառվող համայնքային, գյուղական զարգացման LEADER մեթոդաբանությունը՝ մեկտեղելով տեղական իշխանությունների, մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության դերակատարների ջանքերը և աջակցություն տրամադրելով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպմանը մասնակցել են ՏԿԵՆ տարածքային կառավարման վարչության պետ Լուսինե Սիմոնյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ծրագրի շահառու պետական կառույցների, գործընկեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի մասնակիցներին ողջունել և արդյունավետ քննարկում է մաղթել Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը։ Նա ընդգծել է, որ ծրագրի մեկնարկը համընկել է Covid-19 համավարակի և պատերազմի հետ, ինչն էական ազդեցություն է ունեցել ծրագրի իրականացման ընթացքի վրա և ակնկալել է գործուն քայլեր՝ հետագա իրականացման տեմպը բարձրացնելու ուղղությամբ։

Նիստը համանախագահող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունելով հանդիպմանը ներկա գործընկեր կազմակերություններին՝ ընդգծել է ծրագրի կարևորությունը հյուսիսային երեք մարզում տարածքային համաչափ զարգացման ապահովման համատեքստում։

ՏԿԵ նախարարի տեղակալը համաձայնել է, որ համավարակը և պատերազմը որոշակի ազդեցություն ունեցել են ծրագրի իրականացման ընթացքի վրա, սակայն տեղական թիմերի հետ պարբերական հանդիպումները լավատեսություն են ներշնչում այն մասին, որ նրանք և LEAD-ի գործընկերները պատրաստ են ինտենսիվ աշխատանքի։

Վաչե Տետերյանը կարևորել է LEAD ծրագրի մեթոդաբանությունը Հայաստանում տեղայնացնելու գաղափարը և նշել, որ ծրագրի շրջանակում գրանցված արդյունքները կլինեն ուսուցողական և հնարավորություն կտան LEAD-ի փիլիսոփայությունը տարածել նաև այլ մարզերում։

Նիստում ծրագիրն իրականացնող գրասենյակների՝ Ավստրիական զարգացման գործակալության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի պատասխանատուները ներկայացրել են ծրագրի շրջանակում 2021թ․ ընթացքում գրանցած արդյունքները, ինչպես նաև 2022 թվականին նախատեսվող աշխատանքները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ղեկավար հանձնաժողովի հաջորդ նիստը գումարել ծրագրի ռազմավարական մոտեցումների օրակարգային հարցերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել