7-րդ աջակցման ծրագրի շահառու կլինեն նաև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ․ Զարուհի Բաթոյան
12:55 - 14 ապրիլի, 2020

7-րդ աջակցման ծրագրի շահառու կլինեն նաև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ․ Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այս պահին սոցիալական աջակցության 4-րդ ծրագիրը, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող և աշխատանքից ազատված անձանց, ընթացքի մեջ է։ Ծրագրի համար դիմելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է մուտք գործել ssa.am կայք, մուտքագրել տվյալները և տեսնել՝ ծրագրի շահառու հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ։ Հանդիսանալու դեպքում վճարումներն իրականացվում են բանկում։ 

«6-րդ ծրագրի փոխանցումներն իրականացված են, շահառուները 6723-ն են։ 7-րդ ծրագիրի շրջանանկն ընդլայնել ենք։ Այս ծրագրի շահառու կհանդիսանան ոչ միայն այն կանայք, որոնք չեն աշխատում, և իրենց ամուսինն ազատված է մարտի 13-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում, այլ նաև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ։ Այս ծրագրի շահառու են այս պահին 5957 քաղաքացիներ, բայց ցանկը թարմացվում է»,- նշեց նա։

Նախարարի փոխանցմամբ՝ 8-րդ ծրագիրը, որը վերաբերում էր տուժած ոլորտների գրանցված  աշխատակիցներ, մեկնարկել է երեկ։

«Երեկ՝ մի քանի ժամվա ընթացքում, մենք ստացել ենք ավելի քան 45 հազար դիմում ֆիզիկական անձանցից, որոնցից 27 հազարը հաստատվել է, այս 27 հազար հոգին ընդհանուր 1,8 միլիարդ դրամի չափով աջակցություն կկարողանա ստանալ արդեն այսօր բանկերի կամ իրենց անձնական հաշիվների միջոցով»,- նշեց նա։  

Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ 9-րդ ծրագիրի դիմումների ընդունումը ևս երեկ մեկնարկել է։ Այս ծրագրի շահառուների ցանկը դեռևս կազմվում է։ Նա նշեց, որ 8-րդ և 9-րդ ծրագրերի դեպքում նաև հրապարակվելու է շահառուների ցանկը, և միայն այս երկու ծրագրի դեպքում է, որ անհրաժեշտություն կա դիմում գրելու։ 

Նախարարն անդրադարձավ նաև սննդի փաթեթների, տեխնիկական, մաքրող միջոցների կարիքների մասին բնակիչներից ստացվող զանգերին։ Նա հայտնեց, որ այս կարիքներին համապատասխան աշխատում են մարզպետարանները ՀԿ-ների և կամավորական խմբերի հետ համատեղ։ 

«Մենք նաև աջակցում ենք սոցիալական տարբեր խմբերի թիրախավորելու, նրանց գտնելու, նրանց հասցեական օգնությունը հասցնելու ուղղությամբ։ Ավելի շատ համակարգում ենք և տեղեկություն ենք փոխանակում, բայց այս ամբողջ գործընթացն իրականացվում է քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, միջազգային մեր գործընկերների միջոցով։ Պետք է հորդորեմ, որ այս աջակցության համար դիմեն համայնքներին, քաղաքապետարաններին, մարզպեարաններին։ Գործընթացը շատ կազմակերպված ձևով իրականացվում է»,- նշեց նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել