armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման երրորդ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի: ՀՀ կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Պատվաստման գործընթացը շարունակվում է, և սա ամենակարևոր հանգամանքն է հաջորդիվ նոր ալիքներից խուսափելու համար: Մենք արդեն նաև երրորդ խթանիչ դեղաչափի մասով ակտիվ աշխատում ենք: Մոտ 800 քաղաքացի արդեն իսկ ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը: Այն հասանելի է մեր քաղաքացիներին, մենք քաղաքացիներին հորդորում ենք դիմել և ստանալ խթանիչ դեղաչափերը: Պատվաստանյութերի ապահովվածության առումով ունենք բավարար վիճակ»,- ասաց նա:
Նախարարը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 943 377 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 711 հազար 864 քաղաքացի: «Մենք այս տարվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսային վարակով 184 հազար դրական դեպք, մոտ 40 հազար քաղաքացի ստացել է բուժօգնություն մեր հիվանդանոցային օղակներում: Սա ցույց է տալիս, թե ինչ գերլարված ռեժիմով է աշխատել ողջ առողջապահական համակարգը»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարն, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին, ովքեր արդեն երկու տարի օր ու գիշեր պայքարում են ժողովրդի առողջության և կյանքի համար:
comment.count (0)