Վստահ եմ՝ հայրենի հողի հանդեպ անսահման սիրո պարագայում կունենանք ավելի կանաչ ու դինամիկ զարգացող շրջակա միջավայր. Հակոբ Սիմիդյան
15:49 - 31 դեկտեմբերի, 2021

Վստահ եմ՝ հայրենի հողի հանդեպ անսահման սիրո պարագայում կունենանք ավելի կանաչ ու դինամիկ զարգացող շրջակա միջավայր. Հակոբ Սիմիդյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
 
«Հաղթահարելով փորձություններ և դիմակայելով բազմաթիվ մարտահրավերների՝ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունը դարձավ 30 տարեկան։
 
Մեր պետության 30-ամյակը առիթ էր վերագնահատելու մեր անցած ճանապարհն իր բոլոր ձեռքբերումներով ու կորուստներով և ուրվագծելու, քարտեզագրելու մեր հետագա անելիքները:
 
2022 թվականը և առաջիկա տարիները մեր երկրի համար պետք է լինեն հաղթանակների և առաջընթացի տարիներ՝ խաղաղ դարաշրջան բացելու, երկարաժամկետ գիտակցված զարգացման փուլ մտնելու հնարավորություն, իսկ դա պահանջում է առավել նվիրում, ջանք ու անդադար աշխատանք։
 
Մեզ է վստահված մեր երկրի գլխավոր հարստության՝ շրջակա միջավայրի կառավարումը, պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունը։
 
Վստահ եմ, համատեղ ջանքերի, հետևողական ու բարձր պատասխանատվությամբ աշխատանքի և հայրենի հողի հանդեպ անսահման սիրո պարագայում մենք կունենանք ավելի կանաչ ու դինամիկ զարգացող շրջակա միջավայր և կկառուցենք մեր երազանքների երկիրը։
 
2022 թվականին բոլորիս մաղթում եմ խաղաղություն և բարօրություն: Մեր ընտանիքներին՝ սեր և հոգատարություն:
 
Թող գալիք տարին լինի մեր համազգային նպատակների իրականացման և հաղթանակների տարի։
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է նախարարի ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել