ՌԴ-ի և ԱՄՆ-ի անվտանգության շուրջ բանակցությունները կսկսվեն հունվարի 9-ի երեկոյան՝  նեղ կազմով

 |armenpress.am|
17:35 - 09 հունվարի, 2022

ՌԴ-ի և ԱՄՆ-ի անվտանգության շուրջ բանակցությունները կսկսվեն հունվարի 9-ի երեկոյան՝ նեղ կազմով |armenpress.am|

armenpress.am: Ժնևում անվտանգության հարցերով ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը նախատեսված է հունվարի 9-ի երեկոյան: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում հայտնել Է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօր արդեն Ժնևում վայրէջք է կատարել ինքնաթիռը՝ մեր դիվանագետներով և զինվորականներով, որոնց մոտ հունվարի 9-ի երեկոյան նախատեսված է անվտանգության խնդիրների շուրջ ամերիկացիների հետ բանակցությունների նեղ կազմի առաջին փուլը։ Վաղը այդ աշխատանքը կշարունակվի արդեն լայն ձևաչափով։ Համապատասխանաբար, երկու օր՝ հունվարի 9-ը և 10-ը, նրանք կնվիրեն բանակցային գործընթացին»,- նշել է նա։

Ռուսաստանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների գծով բանակցությունների Ժնև է ժամանել աշխատանքային տրամադրվածությամբ և կոնկրետ հարցերով զբաղվելու ցանկությամբ, հայտարարել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

«Կարևորն այն է, որ մենք ունենք աշխատանքային տրամադրություն, աշխատանքային տրամադրվածություն, իրողությունների ըմբռնում  և անվտանգության կոնկրետ հարցերով իսկապես զբաղվելու ցանկություն,- նշել է դիվանագետը: - Դա կլինի ռուս մասնագետների զրույցը ամերիկացի գործընկերների հետ, իսկ թե իրենց ում տեղը կդնեն կամ ում դերում իրենց կդրսևորեն ամերիկացիները, կտեսնենք։ Մեր մասնագետներն այնտեղ են գնացել կոնկրետ աշխատանքին մասնակցելու ցանկությամբ»։

Ավելի վաղ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան  ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ առաջիկա բանակցություններին գնում է «իրատեսության, այլ ոչ թե լավատեսության զգացումով»: Զախարովան իր հերթին ամերիկյան կողմին խորհուրդ է տվել ինչ-որ կերպ բարձրացնել իրենց տրամադրությունը։

Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության կազմում են ՌԴ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները: Ռուսական դիվանագիտական գերատեսչության կողմից այն գլխավորում է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ամերիկյան դիվանագիտությունը կներկայացնի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը։

2021 թվականի դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի, ինչպես նաև Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի նախագծերը: Դրանք ամերիկյան կողմին են փոխանցվել դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում կայացած հանդիպմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել