Ժնևում երեկ հանդիպել են ԱՄՆ փոխպետքարտուղարը և ՌԴ ԱԳ փոխնախարարը |azatutyun.am|
12:57 - 10 հունվարի, 2022

Ժնևում երեկ հանդիպել են ԱՄՆ փոխպետքարտուղարը և ՌԴ ԱԳ փոխնախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը կիրակի օրը Ժնևում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը և ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց կողմերը կանդրադառնան հունվարի 10-ին Ռազմավարական կայունության երկխոսության շրջանակում արտակարգ հանդիպման ժամանակ։

Շերմանը նշել է, որ Միացյալ Նահանգները կողջունի դիվանագիտական ճանապարհով իրական առաջընթացը: Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների որոշակի խնդիրներ Ռազմավարական կայունության երկխոսության շրջանակում, բայց չի քննարկի եվրոպական անվտանգության հարցերը առանց եվրոպացի դաշնակիցների և գործընկերների մասնակցության։

Պետքարտուղարի տեղակալն ասել է, որ որոշ խնդիրների քննարկումը տեղի կունենա հունվարի 12-ին Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում, իսկ հունվարի 13-ին՝ Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում։

Սերգեյ Ռյաբկովը, ով գլխավորում է ժնևյան բանակցություններում ռուսական պատվիրակությունը, լրագրողներին ասել է, որ Ուենդի Շերմանի հետ նախնական բանակցությունները «դժվարին, բայց գործնական էին», հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները: Ռյաբկովն «Ինտերֆաքս»-ին ասել է, որ լավատես չէ առաջիկա երկխոսության հարցում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ երեկ հայտարարել է, որ չի ակնկալում բեկում ամերիկա-ռուսական անվտանգության բանակցություններում, սակայն հույս ունի՝ կարող են լինել ոլորտներ, որտեղ կողմերը կարող են համաձայնության գալ։ Բլինքենի խոսքով՝ ցանկացած առաջընթաց կախված կլինի բանակցություններում երկու կողմերի գործողություններից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել