Եթե շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց, մարդու իրավունքներից, կզրկվենք նաև անվտանգությունից. Արման Թաթոյան
12:56 - 12 հունվարի, 2022

Եթե շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց, մարդու իրավունքներից, կզրկվենք նաև անվտանգությունից. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ ՀՀ արտաքին գործերի նախարարության երեկվա հայտարարությանը, որում նշվում էր հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման մասին։

«ԱԳՆ կայքում նորից կար հայելային հետքաշման գաղափարը։ Ես ուզում եմ ասել, որ դա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։ Ես ԱԳՆ գործընկերներին մշտապես հարգանքով եմ վերաբերվեր և վերաբերվում եմ, հարգում եմ նրանց աշխատանքը, բայց ես կարծում եմ՝ սա քաղաքական մոտեցում է՝ սխալ կենսագործվող, որը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հակադրվում է, որովհետև հարց է առաջանում՝ մենք ուր պետք է քաշվենք, որտեղից պետք է քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով։ Մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակեն, օգտագործեն, գյուղատնտեսությամբ զբաղվել այն պատճառով, որ ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց պատկանող հողերում։ Մենք ունենք օրինական փաստաթղթեր, որոնք հաստատում են սեփականության իրավունքը, հետևաբար այս մոտեցումը չի ապահովում, հաշվի չի առնում մարդու իրավունքները»։

Թաթոյանի խոսքով՝  ռազմական ու քաղաքական պաշտոնյաները պետք է դադարեն սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։ «Բավական է, չի կարելի ռազմական ու քաղաքական տեսանկյունից բացառապես այս հարցերին մոտենալ։ Չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը»։

Մարդու իրավունքների պաշտպանն ասաց՝ եթե շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց, մարդու իրավունքներից, կզրկվենք նաև անվտանգությունից։ «Մեր պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։ Դրանից բացի՝  այս մոտեցումները նաև հնարավորություն կտան պաշտպանել մեր զինվորներին, մեր զինված ուժերի ծառայողներին, սահմանապահներին, ոստիկանության ծառայողներին, արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներին, և այն ծառայողներին, ովքեր նաև զինված տանում են այդ ծառայությունը։ Չէ՞ որ նրանք պաշտպանում են մեր բնակչությանը, եթե մենք բոլորին հետ քաշենք (զորք ասելով նկատի են ունեցել բոլորին), ո՞վ է մեր իրական երաշխիքը լինելու, այդ միջազգային մոնիթորինգը առանց մերոնց եթե եկավ, մեր իրավունքների հաշվին ներկա գտնվեց այդտեղ, մեր քաղաքացիները կարողանալո՞ւ են իրենց իրավունքները իրականացնել։ Կամ նրանք խախտում թույլ տվեցին, ինչպե՞ս ենք մեր պետական, մեր պետության ներսի մեխանիզմները ինչպես են ապահովվելու»։

Նրա խոսքով՝  այս հարցերը ռազմական տեսանկյունից դիտարկելը մեզ կտրելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել