Կիևի՝ դաշինք մտնելու հարցի շուրջ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև լուրջ տարաձայնությունները պահպանվում են․ Ենս Ստոլտենբերգ |tert.am|
21:27 - 12 հունվարի, 2022

Կիևի՝ դաշինք մտնելու հարցի շուրջ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև լուրջ տարաձայնությունները պահպանվում են․ Ենս Ստոլտենբերգ |tert.am|

tert.am: Եվրոպական անվտանգության համար առանցքային պահի բարդ քննարկում է տեղի ունեցել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում, կողմերի միջև լուրջ տարաձայնությունները պահպանվում են։ Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դա բարդ քննարկում էր եվրոպական անվտանգության համար կարևորագույն պահին, բայց դա էլ ավելի կարևոր դարձրեց հանդիպումը: Տեղի է ունեցել շատ լուրջ և անմիջական մտքերի փոխանակում Ուկրաինայում տիրող իրավիճակի և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։ Այդ հարցերի շուրջ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զգալի տարաձայնություններ կան»,- ասել է նա։

«Դրանք մերձեցնելը հեշտ չի լինի, բայց մենք դրական քայլ ենք համարում այն, որ մենք նստեցինք բանակցությունների սեղանի շուրջ և սկսեցինք քննարկել: Ե՛վ Ռուսաստանը, և՛ ՆԱՏՕ-ն համաձայնեցին երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտության շուրջ»,- հավելել է նա։

Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է զիջումների գնալ որոշ երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, դաշինք մտնելու հարցում։

«Բոլոր դաշնակիցները միակարծիք են դաշինքի հիմնական սկզբունքի շուրջ՝ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու իր ուղին: Միայն Ուկրաինան և ՆԱՏՕ-ի 30 անդամներ կարող են որոշել, թե երբ Կիևը պատրաստ կլինի դառնալ դաշինքի անդամ: Ռուսաստանը վետո չունի այն հարցում, թե արդյոք Ուկրաինան կարող է անդամակցել կազմակերպությանը։ Դաշնակիցները պատրաստ են աջակցել Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»,- ասել է Ստոլտենբերգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել