ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի զորքը դուրս հանել դաշինքին 1997-ից հետո միացած երկրներից |azatutyun.am|
10:08 - 17 հունվարի, 2022

ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի զորքը դուրս հանել դաշինքին 1997-ից հետո միացած երկրներից |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը CBC կանադական հեռուստակայանին կիրակի օրը տված հարցազրույցում ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք չի համաձայնի ստորաբաժանումները դուրս հանել 1997 թվականից հետո անդամակցած երկրներից, քանի որ նման պարագայում այդ երկրները կդառնան «դաշինքի երկրորդ դասի անդամներ»:

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն կարող փոխզիջման գնալ եվրոպական և գործնականում համաշխարհային անվտանգության համար բացարձակ հիմնարար սկզբունքի հարցում: Այն է՝ ցանկացած երկիր ունի իր ճանապարհն ընտրելու, որևէ դաշինքի միանալու կամ չմիանալու իրավունք: Դա է առանցքային սկզբունքը», - հայտարարել է Ստոլտենբերգը:

Յենս Ստոլտենբերգը միաժամանակ նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ քննարկել ոչ միջուկային սպառազինությունների ու միջուկային զենք կրող հրթիռների կրճատումը և ձեռնարկել այլ միջոցներ, որոնք հնարավոր է հուսալի եղանակով ստուգել ու վավերացնել, ինչը դրական կլինի թե՛ Ռուսաստանի և թե՛ ՆԱՏՕ-ի համար:

Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ, ապա ԵԱՀԿ Մշտական խորհրդում քննարկել է անվտանգության երաշխիքների թեման: Կողմերը համաձայնության չեն եկել, սակայն նշել են, որ կշարունակեն բանակցությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել