Իշխանությունը նախապես մեղավորներ է նշանակել, զինծառայողների է կալանավորել՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են նրանք․ Տիգրան Աբրահամյան
17:34 - 18 հունվարի, 2022

Իշխանությունը նախապես մեղավորներ է նշանակել, զինծառայողների է կալանավորել՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են նրանք․ Տիգրան Աբրահամյան

Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ թվում էր, որ իշխանության առաջին անելիքը պետք է լիներ ՀՀ-ի եւ Արցախի պաշտպանական համակարգերի վերականգնումը, նույն իշխանությունը կամ պոպուլիզմով է զբաղված, կամ հանդես է գալիս միայն այնպիսի նախաձեռնություններով, որոնք հանրության շրջանում զուտ հուզական, զգայական էֆֆեկտ են ստեղծում։ Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում այսպիսի կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով արձանագրվող մահվան կամ վիրավորման դեպքերը, ՀՀ տարածք թշնամու անարգել ելումոտը, մեր հայրենակիցների առեւանգումները, ադրբեջանական կամայականությունների եւ ագրեսիայի հետեւանքով ՀՀ սուվերեն տարածքի կորուստները մի կողմից հետեւանք են անվտանգային համակարգում ոչ բավարար ջանքերի գործադրման, մյուս կողմից՝ հաստատում առ այն, որ իշխանությունն այս ուղղությամբ լուրջ միջոցառումներ իրականացնելու առանձնապես կամք եւ ցանկություն չունի»,- ասաց Աբրահամյանը՝ հայտարարելով, որ հասել ենք մի կետի, երբ սահմանից զինծառայողներ են կորում, անհայտ, տարօրինակ պայմաններում գերեվարվում, ու սրա պատասխանատուները, նրա խոսքով, գրեթե ամենօրյա ռեժիմով անմեղ դեմքով խոսում են մեր երկրի առաջընթացի եւ ապագայի մասին։ 

«2021-ի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական զինուժի 36 զինծառայող գերեվարվել էր, որոնցից 6-ն այս պահին շարունակում են մնալ գերության մեջ, իսկ այդ գործողությունից հետո հայրենադարձված զինծառայողների մի մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցված։ Այդ զինծառայողների մեջ կան այնպիսիք, որոնք երկար տարիներ ծառայել են ՀՀ-ի եւ Արցախի տարբեր զորամասերում, մարտական հերթապահություն կրել, մարտական գործողությունների մասնակցել, վիրավորվել, սակայն, չգիտես ինչու, իշխանությունն այս մարդկանց առանց օրինական ուժի մեջ մտած դատավաճիռների նշանակել է մեղավորներ ու խաչ քաշել մարդկային ճակատագրերի վրա»։

Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ այդ զինծառայողներից մեկը՝ Արեն Արամյանը, որն ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորում է ստացել եւ կալանքի տակ է, այսօր էլ չունի անհրաժեշտ բուժում ստանալու հնարավորություն։

«Երկար ժամանակ է՝ որեւէ տեղեկություն չկա 44-օրյա պատերազմի եւ դրանից մեկ ամիս անց Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերում գերեվարված զինծառայողների ճակատարգրերի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ իշխանության ստեղծած անվերահսկելի քաոսի պայմաններում այդ ուղղությամբ ծառայություն կրող զինծառայողները հայտնվել են անելանելի վիճակում, բայց այս դեպքում եւս իշխանությունը նախապես մեղավորներ է նշանակել, զինծառայողների է կալանավորել՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են այդ հատվածում ծառայություն իրականացնող ստորաբաժանումները, զինծառայողները»։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ինքը՝ իշխանությունը, ինչպես միշտ դիտորդի կամ «տուժողի» թիկնոց կրելով՝ շարունակում է արդարանալ եւ մոլորեցնել հանրությանը․ «Դրան զուգահեռ՝ Հայաստանն ու Արցախը շարունակում են կորցնել, որովհետեւ Թուրքերի ու Ադրբեջանցիների առաջ նվաստանալն իշխանությանը վերածել է անարժանապատիվ խաղաղություն մուրողների»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել