ՄԻՊ թեկնածուն կտրականապես համաձայն չէ այն պատկերացումների հետ, թե պաշտպանի ինստիտուտն ընդդիմադիր է |armenpress.am|
17:23 - 21 հունվարի, 2022

ՄԻՊ թեկնածուն կտրականապես համաձայն չէ այն պատկերացումների հետ, թե պաշտպանի ինստիտուտն ընդդիմադիր է |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը կտրականապես համաձայն չէ այն ձևակերպումների, պատկերացումների հետ, թե պաշտպանի ինստիտուտը հակադիր է պետական իշխանության մարմիններին, ընդդիմադիր է. այն լրացնում է պետական մարմինների համակարգը: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում իր թեկնածության հարցի քննարկմանը:

Գրիգորյանը  շեշտեց, որ այսօր ՄԻՊ ինստիտուտն իսկապես կայացած հաստատություն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական հակակշռի առաքելություն:

«Այն ավելին է, քան օմբուդսմենական հաստատություն և ունի մարդու իրավունքների պաշտպանի լիակատար մանդատ: Այլ կերպ ասած՝ պաշտպանը, բացի այն, որ անհատական բողոքներ քննելու միջոցով արձանագրում է իրավունքի խախտումները, նպաստում խախտման վերացմանը, նաև հերթական և արտահերթ զեկույցներով, օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով, ՍԴ-ին օժանդակ դիրքորոշումներ ներկայացնելով՝ իրականացնում է կանխարգելիչ կարևոր գործառույթ: Այս համատեքստում առնվազն խոցելի են այն պատկերացումներն ու ձևակերպումները, որոնց այս ընթացքում իմ ունեցած շփումների, հանդիպումների ընթացքում ինքս էլ հանդիպել եմ, թե պաշտպանի ինստիտուտը հակադիր է պետական իշխանության մարմիններին, եղան նաև ձևակերպումներ, թե այդ ինստիտուտն ընդդիմադիր է: Այս մոտեցումների հետ կտրականապես համաձայն չեմ»,-ասաց Գրիգորյանը:

Թեկնածուն շեշտեց՝ Սահմանադրությամբ և օրենքով պաշտպանի ինստիտուտը լրացնում է պետական մարմինների համակարգը և որևէ կերպ որևէ դերակատարի կողմից չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին: Փոխարենը նա անվիճելի համարեց այն մոտեցումը, որ եթե պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն վերացնում անձանց իրավունքների խախտումը, պաշտպանի գործն է արձանագրել խախտումը, հրապարակային դարձնել դա և հետևողական լինել դրանց վերացմամբ և հաջորդների կանխարգելմամբ:

Ըստ նրա՝ իր նշածները պաշտպանի մանդատի վերաբերյալ որոշակի դեֆորմացված պատկերացումների օրինակներ են, իսկ մանդատի նկատմամբ թյուր պատկերացումները շտկելն ընտրվելու դեպքում լինելու է իր ուշադրության կենտրոնում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել