Պետք է գնանք այնպիսի լուծումների, որ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն․ Փաշինյան
21:06 - 24 հունվարի, 2022

Պետք է գնանք այնպիսի լուծումների, որ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ առցանց ասուլիսի ընթացքում պատասխանեց հարցին՝ արդյոք ՔՊ-ն ունի՞ թեկնածու նախագահի պաշտոնում․ «Կարծում եմ, որ պետք է գնանք այնպիսի լուծումների, որ Հանրապետության նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն, առավել ևս հիմա, երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ և ես կարծում եմ, որ պիտի լինի այնպիսի մի իրավիճակ, երբ խորհրդարանը, կառավարությունը, Հանրապետության նախագահը իրենց կապված են զգում միասնական պատասխանատվությամբ։ Համենայնդեպս, մեր մտքերի ընթացքը այսպիսին է»։

Փաշինյանն ասաց, որ այս պահին նախագահի թեկնածուի վերաբերյալ որոշում չունեն․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի մշտական գործող ղեկավար մարմին, այդ ղեկավար մարմնի ֆորմատով են քաղաքական քննարկումները կայացվում, և իհարկե նաև խմբակցության հետ քննարկումների արդյունքում կգանք, բայց իմ դիտարկումն այն է, որ եթե մենք այսպիսի իրավիճակի առաջ ենք կանգնած, ուրեմն այդ քաղաքական ներդաշնակության հարցը շատ կարևոր է լուծել, որովհետև այդ ներդաշնակության սակավության պատճառով մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել, որոնց խորությունը գուցե թե չենք էլ արձանագրել այդ պահին»։

Փաշինյանը հիշեցրեց անցած տարվա իրադարձությունները, երբ Գլխավոր շտաբը պահանջում էր վարչապետի հրաժարականը․ «Այստեղ իշխանության խնդիր չէր բացարձակապես, կառավարության խնդիր չէր, գործադիր իշխանության խնդիր չէր։ Իմ գնահատականն այն է, որ մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ, և իհարկե, մեր պետական և ազգային անվտանգության առումով շատ կարևոր է, որ մենք այդպիսի իրավիճակների չառերեսվենք այլևս։ Իհարկե,  պետք է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը այդ իրավիճակին ի վերջո տվեց իրավական լուծում և նմանատիպ իրավիճակներ ըստ էության գործնականում բացառվում են այլևս, բայց ամեն դեպքում քաղաքական ներդաշնակությունը շատ կարևոր է հարց է, որը մենք պետք է լուծենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել