Հայաստանի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ չի փոխվել․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը հրապարակել է կոռուպցիայի ինդեքսը՝ ըստ երկրների |armtimes.com|
12:55 - 25 հունվարի, 2022

Հայաստանի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ չի փոխվել․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը հրապարակել է կոռուպցիայի ինդեքսը՝ ըստ երկրների |armtimes.com|

armtimes.com: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կողմից այսօր հրապարակված 2021 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսը ցույց է տալիս, որ կոռուպցիայի մակարդակն ամբողջ աշխարհում մնում է այն կետում, ըստ որի՝ երկրների 86 տոկոսը վերջին 10 տարում քիչ առաջընթաց է գրանցել կամ ընդհանրապես չի արձանագրել առաջընթաց:

Ըստ կառույցի հրապարակման, քանի որ իրավունքներն ու ազատությունները քայքայվում են, իսկ ժողովրդավարությունն աշխարհում նվազում է, ավտորիտարիզմը գրավում է իր տեղը՝ նպաստելով կոռուպցիայի էլ ավելի բարձր մակարդակի։

Ինդեքսում դասակարգված են 180 երկրներ և տարածքներ՝ ըստ հանրային հատվածի կոռուպցիայի մակարդակի ընկալման՝ զրոյականից (խիստ կոռումպացված) մինչև 100 (շատ մաքուր) սանդղակով: Սա նշանակում է՝ որքան բարձր է տվյալ երկրի ցուցանիշը, այնքան քիչ է տվյալ երկրում կոռուպցիայի մակարդակը:

Տարբեր գործոնների ազդեցության հետևանքով, աշխարհի 131 երկրներում կոռուպցիայի նվազեցման համար էական առաջխաղացում չի գրանցվել, 27 երկրներ կոռուպցիայի ընկալման առումով անցած տասնամյակում իրենց ամենացածր միավորներն են գրանցել:

Ինդեքսի առաջատար երկրներն են Դանիան (88), Ֆինլանդիան (88) և Նոր Զելանդիան (88), որոնք բոլորն էլ զբաղեցնում են աշխարհի լավագույն 10 տոկոսը Ժողովրդավարության ինդեքսի քաղաքացիական ազատությունների վարկանիշով:

Սոմալին (13), Սիրիան (13) և Հարավային Սուդանը (11) շարունակում են մնալ ինդեքսի վերջին հորիզոնականներում: Սիրիան վերջին տեղում է նաև քաղաքացիական ազատություններով (Սոմալին ու Հարավային Սուդանը չեն գնահատվել):

27 երկրներ, այդ թվում՝ Կիպրոսը (53), Լիբանանը (24) և Հոնդուրասը (23), այս տարի պատմական ամենացածր մակարդակի վրա են:

Վերջին տասնամյակում 154 երկիր կա՛մ անկում է ապրել, կա՛մ էական առաջընթաց չի գրանցել:

2012 թվականից ի վեր 23 երկրներ զգալիորեն անկում են ապրել վարկանիշային աղյուսակում, այդ թվում՝ առաջադեմ տնտեսություններ, ինչպիսիք են Ավստրալիան (73), Կանադան (74) և Միացյալ Նահանգները (67), վերջինս առաջին անգամ դուրս է մնացել ինդեքսում առաջին 25 երկրներից:

25 երկրներ զգալիորեն բարելավել են իրենց միավորները, այդ թվում՝ Էստոնիան (74), Սեյշելները (70) և Հայաստանը (49):

 Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից դրական արդյունքներ է արձանագրել, 2017 թվականից սկսած Հայաստանը բարձրացնում է իր միավորները: Ընդհանուր առմամբ, ստանալով 14 միավոր, Հայաստանի միավորների ընդհանուր թիվը հասել է 49-ի:

Հայաստանում ամրապնդվել են քաղաքացիական ազատությունները, դա ճանապարհ է հարթում ավելի կայուն քաղաքացիական ներգրավվածության և հաշվետվողականության համար: Չնայած արձանագրած առաջընթացին՝ Հայաստանում բարեփոխումների օրակարգը վերջին մեկ տարում կանգ է առել, ուստի կառույցը նշում է, որ ՀՀ կառավարությունը պետք է վերահաստատի կոռուպցիայի խնդիրը լուծելու իր հանձնառությունը և շարունակի բարեփոխումները:

Անդրկովկասում Հայաստանից ավելի լավ դիրքում է միայն Վրաստանը, որն ունի 55 միավոր: Հայաստանին տարածաշրջանում հաջորդում են Թուրքիան՝ 38 միավոր, Ադրբեջանը՝ 30 միավոր, Ռուսաստանը՝ 29 միավոր, և Իրանը՝ 25 միավոր:

Քանի որ հակակոռուպցիոն ջանքերը լճանում և նվազում են, մարդու իրավունքները և ժողովրդավարությունը հարվածի տակ են: Սա պատահական չէ։ Կառավարությունների կողմից COVID-19 համաճարակի դեմ կիրառվող սահմանափակումները ապագայում կարող են նաև հանգեցնել ավելի կտրուկ անկման ամբողջ աշխարհում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը կառավարություններին կոչ է անում գործել հակակոռուպցիոն և մարդու իրավունքների դեմ իրենց ստանձնած պարտավորությունների հիման վրա, և հորդորում է, որ ամբողջ աշխարհի մարդիկ միանան՝ պահանջելով փոփոխություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել