Հարցի բովանդակության խեղաթյուրումը ամբողջությամբ անտեղի է. Անանյանը՝ Ստամբուլ չվերթների համար օդի տուրքից ազատման մասին |armenpress.am|
11:21 - 27 հունվարի, 2022

Հարցի բովանդակության խեղաթյուրումը ամբողջությամբ անտեղի է. Անանյանը՝ Ստամբուլ չվերթների համար օդի տուրքից ազատման մասին |armenpress.am|

armenpress.am: Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթների համար օդի տուրքից ազատման հարցի անհարկի քաղաքականացումը տեղին չի համարում:

Պատասխանելով հարցերին՝ Անանյանը մասնավորապես ասաց. «Նորաբաց ցանկացած ուղղություն ստանում է նմանօրինակ արտոնություն: Եվ այդ առումով Հայաստանի ավիացիոն իշխանությունների կողմից տրված պարզաբանումները առավել քան սպառիչ են: Այս առումով հարցի բովանդակության խեղաթյուրումը ամբողջությամբ անտեղի է»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթների համար ուղևորները կազատվեն օդի տուրքից: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պարզաբանել էին, որ այն ուղղությունները, որոնք վերջին 12 ամսում չեն սպասարկվել և նոր սկսում են սպասարկվել, և առնվազն 1 տարի այդ ուղղությամբ թռիչքներ պետք է իրականացվեն գոնե շաբաթական մեկ անգամ, ազատվում են օդի տուրքից: Դա միայն Ստամբուլին չի վերաբերում, շատ-շատ ուղղություններ այդ սկզբունքով ազատվել են օդի տուրքից: Ստամբուլ ուղղությունն ազատվել է օդի տուրքից 2022-ի փետրվարի 2-ից մինչև 2025-ի փետրվարի 2-ը՝ այսինքն` 3 տարով:

Իսկ օրինակ 2021-ի սեպտեմբերի 29-ից մինչև 2024-ի սեպտեմբերի 29-նն էլ օդի տուրքից ազատվել է Վիլնյուսի ուղղությունը: Որոշակի ժամանակահատվածով ազատված են նաև Միլան, Հռոմ, Կալուգա, Օդեսա, Ֆրանկֆուրտ և մի շարք այլ ուղղություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել