Հայաստանում կնշվի «Անտառագետի եւ ջրաբանի օր»
11:29 - 27 հունվարի, 2022

Հայաստանում կնշվի «Անտառագետի եւ ջրաբանի օր»

Հայաստանում սահմանվեց «Անտառագետի եւ ջրաբանի օր»։ ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել «Անտառագետի եւ ջրաբանի օր»։

«ՀՀ կառավարության 2004թ․ հունիսի 3-ի N 936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ նախարարության, պայմանավորված է նրանով, որ նույն որոշման 2-րդ կետով մարտի 23-ին (Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ) նշվում է օդերևութաբանի օր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի 21-ը անտառների միջազգային օրն է, իսկ մարտի 22-ը ջրի համաշխարհային օրը, հետևաբար ՀՀ-ում անտառագետի և ջրաբանի օրը նշելու վերաբերյալ  նախագիծն անհրաժեշտ է ընդունել Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն օդերևութաբանի, այլև  անտառագետ և ջրաբան մասնագետների առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով: 

«Կարևորելով անտառագետների և ջրաբանների դերը պետության անվտանգության, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ` կարծում ենք, որ արժանին պետք է մատուցել  անտառագետ և ջրաբան մասնագետներին՝ գնահատելով նրանց աշխատանքը և տարվա մեջ մեկ օր նվիրել նրանց:  Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում «անտառագետի և ջրաբանի» միջազգային օրը նշելու վերաբերյալ առաջարկ ներկայացվել է միջազգային գործընկերների կողմից, հանդիպումների և քննարկումների ընթացքում»,- ասված է որոշման հիմնավորման մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել