Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ և «Արմավիր» ՔԿՀ
19:44 - 27 հունվարի, 2022

Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ և «Արմավիր» ՔԿՀ

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Ռատի Բրեգաձեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման պայմաններին: Փոխնախարար Արփինե Սարգսյանն ու քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը Ռատի Բրեգաձեին են ներկայացրել դատապարտյալների բուժսպասարկման բաժանմունքը, խոհանոցը, գրադարանը:

Պաշտոնյաները փորձել են նաև դատապարտյալների համար նախատեսված ճաշից, հետաքրքրվել են՝ ընդհանուր ճաշացանկից, բուժսպասարկումից, դատապարտյալների կրթությունից, զբաղվածությունից:

Ռատի Բրեգաձեն կարճ տեսակցություն է ունեցել նաև «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող Վրաստանի Հանրապետության  քաղաքացիների հետ, վերջիններս Բրեգաձեի հետ զրույցում նշել են, որ պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չունեն:

Երկօրյա այցի շրջանակում Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Ալեք և Մարի Մանուկյաններ» գանձատուն-թանգարան: Նաթան Սրբազանը այցելուներին ներկայացրել է թանգարանում առկա ցուցանմուշները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել