Թուրքիան արդեն իսկ հասել է Հայաստանի առջև դրած երկու կարևոր նախապայմանի կատարմանը․ «5165 շարժում»
13:14 - 28 հունվարի, 2022

Թուրքիան արդեն իսկ հասել է Հայաստանի առջև դրած երկու կարևոր նախապայմանի կատարմանը․ «5165 շարժում»

«5165 շարժումը» ներկայացրել է իր դիրքորոշումները Հայաստանի արտաքին-անվտանգային և ներքաղաքական ընթացիկ որոշ զարգացումների վերաբերյալ․

Դիրքորոշումները բովանդակում են հետևյալը.

Առաջին՝ պարզորոշ կերպով Հայաստանում առաջ է տարվում թուրք-ադրբեջանական օրակարգ,

Երկրորդ՝ Հայաստանում իշխանության ուզուրպացիայի վերջին մեխն է մեխվում:

  1. ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ. Կեղծ ու մոլորեցնող է Նիկոլ Փաշինյանի թեզն առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում առանց նախապայմանների: Թուրքիան արդեն իսկ հասել է Հայաստանի առջև դրած երկու կարևոր նախապայմանի կատարմանը և օգտագործելու է հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացն նոր զիջումներ կորզելու համար՝ նպատակ ունենալով վերջնականապես հպատակեցնել Հայաստանին։

44-օրյա պատերազմի արդյունքում առավել քան ամբողջությամբ բավարարվել է Արցախից հայկական զորքերը դուրս բերելու և ազատագրված հողերը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Թուրքիայի առաջին նախապայմանը։ Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման պահանջից Հայաստանի հրաժարումը, փաշինյանական իշխանությունը կատարում է հիմա։ Դրա մասին են վկայում. 

  • իշխանության ղեկին գտնվող քաղաքական թիմի պարբերական հայտարարություններն ու գործողությունները,
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, որում խոսք չկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի հանձնառության մասին: Այս հարցը ձևակերպված է անդեմ, անորոշ ու լղոզված ձևով: Նախորդ ժամանակաշրջաններում ՀՀ կառավարության ծրագրում Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը բարձրացված էին պետական քաղաքականության մակարդակի, 
  • ցեղասպանության հանցագործությունների դատապարտման միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության 2021թ. դեկտեմբերի 9-ի հայտարարությունը էականորեն տարբերվում է նախկինում այդ օրվա կապակցությամբ արվող հայտարարությունների հռետորաբանությունից՝ մասնավորապես Արցախյան վերջին պատերազմի ֆոնին,
  • վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանն ըստ էության հրրաժարվեց Հայոց ցեղասպանության ճանաչման իրավատիրությունից, այն բացառապես թողնելով Սփյուռքի ուսերին: 
  1. ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ. Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Փաշինյանի որդեգրած քաղաքական ուղեգիծը խիստ կարճատես է։ Այն ոչ թե խաղաղություն է խոստանում, այլ երկարաժամկետ կտրվածքով մեծացնում է Հայաստանի վրա կախված գոյութենական սպառնալիքները

Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է ուզում կառուցել Թուրքիայի ու Ադրբեջանի այն ղեկավարների հետ, որոնք սանձազերծեցին 44-օրյա պատերազմը, թույլ տվեցին հայության դեմ ծանր հանցագործություններ, շարունակում են Հայաստանի հանդեպ ագրեսիվ վարքագիծն ու հռետորաբանությունը, սպառնում են բռնությամբ և ուժի սպառնալիքով հասնել իրենց երկարաժամկետ նպատակներին։ 

44-օրյա պատերազմի օրերին հենց Փաշինյանն էր հրապարակավ դատապարտել պատերազմին Թուրքիայի մասնակցության հակահայկական շարժառիթները՝ շեշտելով, որ Թուրքիան եկել է Հարավային Կովկաս՝ ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը: Անհերքելի փաստ է, որ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան վերջին պատերազմին՝ Ադրբեջանին ցուցաբերելով նշանակալի աջակցություն, վերջինիս տրամադրելով զենք-զինամթերք, հազարավոր զինված ահաբեկիչներ, ռազմական հրամանատարական և տեխնիկական անձնակազմ, դիվանագիտական սատարում և այլն։

Այսօր Հայաստանի գործող իշխանությունները նույն այս ուժերի հետ գնում են հարաբերությունների կարգավորման՝ առանց խաղաղության իրական երաշխիքների: Հայաստանը Փաշինյանի ձեռամբ հայտնվել է խաղաղություն մուրացողի դերում, ինչը ոչ միայն նսեմացնում է Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը, այլև առարկայորեն թուլացնում է պետությունն ու արտաքին սպառնալիքներին դիմադրողականությունը, անհասկանալի վիճակում դնում համայն հայությանը միջազգային հանրության առջև, իսկ խաղաղությունը դարձնում անհեռանկարային ու պատրանքային: 

Այս պայմաններում Հայաստանն իրավունք չունի գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, առանց հստակ անվտանգային երաշխիքների։ Այսօր նման երաշխիք կարող է հանդիսանալ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունից հրաժարումը։ 

Ադրբեջանի նախագահը Արցախի հարցը համարում է փակված, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը համարում է անիմաստ, հայտարարում, թե իբր Արցախում 20-25.000 հայ է մնացել, Հայաստանին սպառնում է նոր տարածքների գրավմամբ, բարձրաձայն խոսում են բռնի ճանապարհով Սյունիքով միջանցք բացելու մասին, սպառնում են ցանկացած պահի կտրել Արցախի կապը մայր հայրենիքի հետ, օկուպացված են պահում Արցախի տարածքների մեծ մասը, օկուպացված են պահում տարածքներ Հայաստանի Հանրապետությունից, շարունակում են գերության մեջ պահել և գերության վերցնել մեր զինվորականներին, ագրեսիա իրականանցել Հայաստանի սահմանների նկատմամբ և այլն: 

Հենց այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը գնում է հաշտեցման Ալիևի հետ՝ առանց որևէ պահանջի ու պայմանի՝ փաստորեն համաձայնություն տալով վերջինիս հակահայ քաղաքականությանը: Սա ինչ է, եթե ոչ, նվազագույնը, ինքնախաբեություն և մոլորություն։

  1. ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տնտեսական օգուտների մասին Փաշինյանի թեզերը նույպես անհիմն են ու կեղծ

Գործող իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից տնտեսական մեծ օգուտներ քաղելու հետևյալ հնարավորություններն են մատնացույց անում.

  • Թուրքիայի 85 միլիոնանոց բնակչությունը՝ որպես հայկական ապրանքների իրացման մեծ ներուժ ունեցող շուկա,
  • Թուրքիայի տարածքով ԵՄ հայկական արտադրանքի արտահանման հեռանկարը,
  • Թուրքիայի հետ սահմանամերձ բնակավայրերում թուրք պացիենտներին բժշկական ծառայություններ մատուցելու հեռանկարը:

Ժամանակն է, որ ժողովուրդը սթափվի Նիկոլ Փաշինյանի՝ ոսկե սարերի խոստումներից: Կարծում ենք, ժողովուրդը չի մոռացել մոտ չորս տարի առաջ նրա տված խոստումը՝ կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի ներդրումներ բերելու մասին: 

Տնտեսական օգուտների մասին այս թեզերը ևս կեղծ ու շինծու են, քանի որ նախ՝ ոչ մի տեղ հասանելի չեն այն ենթադրյալ հետազոտության արդյունքները, որոնք, Փաշինյանի ասելով, կատարվել են ու տնտեսական մեծ օգուտներ են կանխատեսում: Երկրորդ՝ մեզ համար անհասկանալի է մնում, թե ինչու՞ մինչ այժմ Հայաստանը չի կարողացել օգտվել Իրանի 84 միլիոնանոց և ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկաներից։ Ո՞րն է թուրքական շուկայի առանձնահատկությունը, այն առումով, որ հայկական ծագման արտադրանքը Իրանում և ԵԱՏՄ-ում չի կարողանում իրացվել, իսկ Թուրքիայում մեծ ծավալներով իրացվելու է: Այդ ի՞նչ արտադրանք է ներկայում թողարկում Հայաստանը, որ հնարավորություն չունի արտահանել ԵՄ և Թուրքիայի հետ սահմանների բացման պարագայում արտահանելու է: Ի՞նչու մինչ այժմ բժշկական մեծածավալ ծառայություններ մատուցելու հնարավորությունը չի իրացվել Իրանի ու Վրաստանի սահմաններին մոտ գտնվող բնակավայրերում: Պատասխանը հստակ է. Հայաստանը չունի զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն, որպեսզի կարողանա մրցակցել թուրքական էժան ու մրցունակ ապրանքների հետ, որոնց Հայաստան ներթափանցումը խիստ ռիսկային է տեղական արտադրանքի ծավալների կրճատման, գործազրկության ու արտագաղթի աճի առումներով:

  1. ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ. Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման հենք հանդիսացող փոխզսպումների և հակակշիռների գործուն համակարգ ստեղծելուց Փաշինյանի իշխանությունը խուսափում է միտումնավոր։ Այս քաղաքականությամբ Հայաստանը սկսել է վերածվել բռնապետության։

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը կանխորոշեց Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության ելքը՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է միանձնյա ձևով ընտրել նախագահին՝ փորձելով այս հանգամանքը մատուցել ընթացիկ անվտանգային, արտաքին քաղաքական գործընթացներում իշխանության թևերի միջև «ներդաշնակություն մտցնելու» մանիպուլյատիվ փաթեթավորմամբ: 

Մենք քանիցս նշել ենք, որ թեև ՀՀ նախագահի ինստիտուտը սահմանադրաիրավական բավարար լիազորություններ չունի՝ ազդելու քաղաքական իշխանության՝ ՀՀ ազգային-պետական շահերին հակասող գործողությունների վրա, այդուհանդերձ պետության գլխի հանգամանքը կարևորվում է առնվազն ժողովրդին խոսք ասելու, ուղերձներ հղելու տեսանկյունից: Եվ այժմ, երբ ՀՀ նախագահի պաշտոնը կզբաղեցնի մի անձ, ում վարքն ու ուղեգիծը «ներդաշնակ կլինի» Նիկոլ Փաշինյանի վարքին ու ուղեգծին, Հայաստանի գահավիժող ժողովրդավարությունը կզրկվի ինստիտուցիոնալ սահմանափակման այդ մեկ լծակից ևս։

Այս առնչությամբ տեղին ենք համարում մատնացույց անել այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջովին վերահսկում է ՀՀ Ազգային Ժողովի գործունեությունը. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մինչ այժմ դրսևորած վարքագիծն ու պատգամավորների մեծ մասի «ծագումը» ասվածի վկայություններն են: 

Ժողովրդին ցանկանում ենք հիշեցնել նաև, որ 2021թ. մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իբր կլինեն սահմանադրական բարեփոխումներ, որ իբր 2021թ. հոկտեմբերին կլինի հանրաքվե և անցում կկատարվի նախագահական կամ կիսանախագահական համակարգի: Վերջին ասուլիսում ՀՀ կառավարման ձևի վերաբերյալ արած այն դիտարկումը, որ ինքը կառավարման խորհրդարանական ձևի կողմնակից է, խոսում է մեկ բանի մասին. նա մեկ տարի առաջ ժողովրդին հրապարակավ ստում էր։ Իր իշխանության պահպանման նկատառումներից ելնելով նա ցանկանում է պահպանել կառավարման ներկայիս ձևը, քանի որ իշխանության թևերի միջև փոխզսպումների և հակակշիռների իրական մեխանիզմների բացակայությունը ձեռնտու են հենց իրեն: Մենք քանիցս ահազանգել ենք այն մասին, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյութենական նշանակության այնպիսի հիմնախնդիրների ընթացքը, ինչպիսիք են Արցախի հարցի կարգավորումը, սահմանագծումն ու սահմանազատումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և այլն, ռազմավարական բնույթի հիմնախնդիրներ են, գտնվում է Նիկոլ Փաշինյանի միանձնյա տնօրինման ներքո, առկախված է Նիկոլ Փաշինյանի աշխարհընկալումներից ու արժեհամակարգից: 

Միանձնյա կառավարումը առավել վտանգավոր է այն պարագայում, երբ երկրիդ ղեկավարը ակնհայտորեն տանում է հակապետական քաղաքական գիծ. Փաշինյանն անբռնազբոս կերպով պաշտպանում է թուրք-ադրբեջանական դիրքորոշումները, կրկնում նրանց թեզերը Արցախի պատկանելության, կարգավիճակի, կարգավորման առանձնահատկությունների մասին, արդարացնում պետական մակարդակով հնչող հակահայ հռետորաբանությունը, Ալիևի՝ պետական դիրքորոշում հանդիսացող հայտարարությունը զուգահեռում Հայաստանի շարքային քաղաքացու՝ մամուլում հայտնած կարծիքի հետ։ Մեզ այլ բան չի մնում, քան հաստատել, որ սույն գործելակերպով Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ներկայիս իշխանությունների օրակարգը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել