Ջո Բայդենը Զելենսկիին հիշեցրել է Մինսկի պայմանավորվածությունների մասին․ ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային |factor.am|
15:33 - 28 հունվարի, 2022

Ջո Բայդենը Զելենսկիին հիշեցրել է Մինսկի պայմանավորվածությունների մասին․ ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, ասվում է, որ Ջո Բայդենը կրկին հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ իր դաշնակիցների և գործընկերների հետ «ամբողջ վճռականությամբ արձագանքել», եթե Ռուսաստանը կրկին ներխուժի Ուկրաինա։

Բայդենը վստահեցրել է իր զրուցակցին Ուկրաինայի ինքնիշխանությանն ԱՄՆ-ի աջակցության մասին, ինչպես նաև ասել, որ ԱՄՆ-ն ուղիներ է փնտրում՝ Ուկրաինայի տնտեսությանը հավելյալ աջակցություն ցուցաբերելու համար, որը բացասական հետևանքներ է կրում սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման պատճառով։

«Նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների անունից աջակցություն է հայտնել հակամարտությունը «նորմանդական քառյակի» ձևաչափով կարգավորելու ջանքերին, ինչպես նաև հույս է հայտնել, որ հունվարի 26-ին կողմերի կողմից 2020 թվականի հուլիսի հրադադարի պայմանների վերահաստատումը կօգնի նվազեցնել լարվածությունը և առաջ շարժվել մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հարցում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Մինսկում ստորագրված համաձայնությունները, որոնք վերջ դրեցին Ուկրաինայի արևելքում ակտիվ ռազմական գործողություններին, ներառում են նաև սահմանադրական բարեփոխումներ, որը ենթադրում է երկրի ապակենտրոնացում, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անջատողական կազմավորումներին ինքնավարության տրամադրում և նրանց ընդգրկում Ուկրաինայի քաղաքական դաշտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել