Լավրովը հայտարարել է, թե պատերազմ չի լինի, եթե դա կախված է Ռուսաստանից |armenpress.am|
16:18 - 28 հունվարի, 2022

Լավրովը հայտարարել է, թե պատերազմ չի լինի, եթե դա կախված է Ռուսաստանից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց նաև թույլ չի տա ոտնահարել իր անվտանգության շահերը: Այդ մասին ռուսական ռադիոկայաններին տված օնլայն հարցազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով անվտանգության հարցերի շուրջ Արևմուտքի հետ ընթացող բանակցությունների ընթացքին:

«Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի: Մենք պատերազմ չենք ուզում, բայց նաև թույլ չենք տա կոպտորեն ոտնահարել և արհամարհել մեր շահերը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավրովի խոսքով՝ բանակցություններն Արևմուտքի հետ դեռ չեն ավարտվել:

Ըստ նրա՝ ամերիկացիները և ՆԱՏՕ-ն ավելի քան մեկ ամիս ուսումնասիրում էին Ռուսաստանի՝ ծայրաստիճան պարզ առաջարկները, որոնք ամփոփված են Ռուսաստան-ԱՄՆ պայմանագրի նախագծում և Ռուսաստան-ՆԱՏՕ համաձայնագրերում, և երկու օր առաջ՝ հունվարի 26-ին, Մոսկվան ստացել է պատասխան, որը հստակություն չի մտցնում հիմնական հարցերում, սակայն այնտեղ կան «ռացիոնալ հատիկներ» երկրորդական հարցերի առնչությամբ:

 Մասնավորապես, ՆԱՏՕ-ն առաջարկում է քննարկել փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայման, զորավարժությունները միմյանց սահմաններից հեռու անցկացնելու, մարտական օդանավերի, ռազմանավերի միջև հեռավորությունը համաձայնեցնելու և մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցերը: Լավրովի գնահատմամբ՝ դա ավելի լավ է, քան ոչինչը:

«Այն կառուցողականությունը, որը պարունակում են այդ առաջարկները, ըստ էության փոխառված են վերջին տարիների ռուսական նախաձեռնություններից: Կարծում եմ՝ դա գոնե ինչ-որ բան է: Բայց կրկնում եմ, որ գլխավորը մեզ համար պարզելն է հայեցակարգային այն հիմունքները, որոնց վրա կառուցվում է եվրոպական անվտանգությունը», - նշել է Լավրովը՝ հիշեցնելով 1999 թ. Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի հռչակագրով Ռուսաստանի և արևմտյան պետությունների ստանձնած պարտավորությունները «անվտանգության անբաժանելիության» սկզբունքների մասին:

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտում է՝ եթե Արևմուտքը ընդառաջ չգնա Մոսկվայի առաջարկներին, և եթե արդյունք չտան Մոսկվայի առաջարկները՝ համաձայնության հասնելու Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի սկզբունքների շուրջ, ապա այդ դեպքում Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի:

Լավրովը փոխանցել է, որ ռուսական գերատեսչություններն այժմ ուսումնասիրում են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի տված պատասխանները:

Անդրադառնալով դրանց բովանդակությանը՝ Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Միացյալ Նահանգների պատասխանը ՆԱՏՕ-ի ուղարկած թղթերի լույսի ներքո «դիվանագիտական քաղաքավարությունների իսկական նմուշ է»:

«ՆԱՏՕ-ի պատասխանը այնքան գաղափարականացված է, այնքան հագեցած է Հյուսիսատլանտյան դաշինքի բացառիկության, նրա հատուկ դերի և առաքելության գաղափարով, որ ես ամոթ զգացի այն մարդկանց փոխարեն, ովքեր գրել են այդ տեքստը», - ասել է Սերգեյ Լավրովը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ պատասխան միջոցառումները կարող են լինել ամենատարբեր, բայց ինքը որոշում է ընդունելու ռուս զինվորականների ներկայացրած առաջարկների հիման վրա: Սերգեյ Լավրովն էլ դրան հավելում է, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքում նախագահ Պուտինը կստանա Մոսկվայի պատասխանի վերաբերյալ առաջարկները և դրանց հիման վրա կընդունի իր որոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել