Մեծամիտ արտահայտությունը, թե տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ինֆորմացիային, բացահայտ սուտ է․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին |tert.am|
22:12 - 31 հունվարի, 2022

Մեծամիտ արտահայտությունը, թե տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ինֆորմացիային, բացահայտ սուտ է․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին |tert.am|

tert.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։ Հարցազրույցը ներկայացնում ենք հարց ու պատասխանով՝ ըստ թեմաների։

-Մենք քիչ առաջ Ձեզ հետ միասին դիտում էինք Ձեր նախագահության տասը տարիների ընթացքում բանակցային գործընթացի հիմնական առանձնահատկությունների մասին պատմող կարճ տեսահոլովակը. ներկայացվեց բարձր մակարդակով նախագահների, արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումների ժամանակագրությունը, հիմնական հանգրվանները և հիմնական բանակցված փաստաթղթերը: Այդ մասին տեղեկատվությունը ժամանակին հասանելի է եղել և՛ Ձեր կողմից, և՛ անհրաժեշտության դեպքում համանախագահներն են խոսել: Օրեր առաջ հանրապետության վարչապետն ասաց, որ չկա մի այնպիսի տեղեկատվություն Արցախյան կարգավորման թեմայով, որին Դուք տիրապետում եք, իսկ ինքը` ոչ, և ամբողջական տեղեկատվությունը գտնվում է իր սեղանին 2018 թվականից սկսած:  Մյուս կողմից, Ձեր նախագահության տասը տարիների ընթացքում Ձեր բանակցածի, Ձեր` իբրև ժառանգություն թողած բանակցային օրակարգի մասին պնդումները` Ձեր և գործող վարչապետի կողմից տրամագծորեն իրար հակասում են: Ինչպե՞ս կարող է այդպես լինել:

- Գիտեք, կարելի էր արժանապատվությունից ցածր համարել և չանդրադառնալ վերջին մեկուկես ամսվա ընթացքում հնչած ելույթներին և հարցազրույցներին, որոնք լի էին բացարձակ ստերով, կեղծիքներով, անճշտություններով և մանիպուլյացիաներով: Բայց կա երկու հանգամանք, որ ինձ պարտադրեցին ընդունել Ձեր հրավերը: Եվ այդ հանգամանքներից առաջինն այն է, որ այդ մեծամիտ արտահայտությունը, որը լսեցինք մենք բոլորս, որ իբր նա տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային և բանակցային պրոցեսին, ուղղակի բացահայտ սուտ է: Սուտ է այն պատճառով, որովհետև անհնար է ընթերցել փաստաթղթերը և ամբողջապես տեղյակ լինել բանակցային գործընթացի մասին: Փաստաթուղթ ընթերցելով  դա անհնար է: Ուղղակի նաև ասեմ, որ նույնիսկ ես չեմ կարող ասել, որ ամբողջովին տիրապետում եմ բոլոր մանրամասներին, որովհետև բացի նրանից, որ ես էի բանակցում, բայց կար նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նախապատրաստում էր այդ բանակցությունները, վարում էր նախնական բանակցություններ: Սա շատ կարևոր հանգամանք է:

Հարց է առաջանում՝ բա մենք երբ որ եկանք իշխանության, ինչպե՞ս պատահեց, որ մենք հենց այն գլխից սկսեցինք, մեր կարծիքով, ճիշտ ճանապարհով գնալ, որովհետև մենք՝ ոչ միայն ես, այլ նաև Էդվարդ Նալբանդյանը, ոչ թե ժամերով, ոչ թե օրերով, այլ ամիսներով, տարիներով քննարկում էինք հարցերն այն մարդկանց հետ, ովքեր քաջատեղյակ էին նախկին բոլոր փուլերին:

Կա այլ նկատառում ևս: Եթե այդպես մեծամտորեն հայտարարում են, որ տիրապետում են ամբողջական ինֆորմացիային, բա ինչպե՞ս եղավ, որ 2019 թվականին ընկան թակարդը, երբ որ իրենց առաջարկեցին նոր, այսպես ասեմ, փաստաթուղթ, և իրենք ընդունեցին այդ փաստաթուղթը որպես բանակցությունների համար հիմք, և մի ամբողջ տարի հայ հասարակությանը, և ոչ միայն հայ հասարակությանը, խաբում էին` ասելով հանդերձ, որ չկա բանակցային պրոցես:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել