Փոփոխությունները պատվերով չեն լինելու. Վարդապետյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին |armenpress.am|
16:37 - 04 փետրվարի, 2022

Փոփոխությունները պատվերով չեն լինելու. Վարդապետյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, մասնագիտական հանձնաժողովն իր աշխատանքներում կքննարկի նաև երկրի կառավարման համակարգի փոփոխության հարց, բայց դեռ պարզ չէ՝ արմատական փոփոխություններ կլինեն, թե ոչ: Այս մասին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, որը որպես հրավիրյալ էր մասնակցում նիստին՝ անդրադառնալով կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ հարցին:

«Խորհրդից բացի լինելու է նաև մասնագիտական հանձնաժողով, որը բուն աշխատանքներն է իրականացնելու: Եվ խորհուրդը, և քաղաքական իշխանությունը, և բոլորս մասնագիտական կարծիք ենք ակնկալում հարցի վերաբերյալ: Այսինքն՝ պատվերի շրջանակներում կատարվող փոփոխություններ այստեղ տեղի չեն ունենալու»,-ասաց Վարդապետյանը:

Անդրադառնալով կառավարման համակարգի հնարավոր փոփոխման վերաբերյալ հարցին՝ նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ խորհրդարանական կառավարման ձևը թույլ է տվել հաղթահարել քաղաքական ճգնաժամն ընտրությունների միջոցով, այլ ոչ ավել խորացնել այն: «Այս պահին որևէ մասնագիտական քննարկում դեռ տեղի չի ունեցել կառավարման ձևի հետ կապված: Բայց քաղաքական գնահատականը, կարծում եմ, վարչապետի տեսակետի ձևով ներկայացվել է»,-ասաց նա:

Վարդապետյանը վստահեցրեց, որ այս հարցն իհարկե քննարկվելու է խորհրդի, մասնագիտական հանձնաժողովի կողմից, որից հետո ավելի ստույգ տեղեկատվություն կլինի: Ըստ նրա՝ կարճաժամկետ հատվածում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն, որը չի հասցրել ապրոբացիայի ենթարկվել, ցնցումների բերում է: Ըստ նրա՝ հաճախակի փոփոխությունները ոչ մի ոլորտում, հատկապես երկրի հիմնական օրենքում, եթե խիստ անհրաժեշտ չեն, չեն կարող լինել շատ դրական գնահատականի ենթակա:

Իսկ թե Սահմանադրությունում նախատեսվող փոփոխությունները կլինեն արմատական, թե ոչ, նա ասաց՝ դեռ ոչ ոք պնդել չի կարող: Խորհուրդը պետք է ի վերջո հիմնավորի փոփոխությունների անհրաժեշտությունն ու խորությունը, և մասնագիտական հանձնաժողովն այս առումով պետք է իր մասնագիտական կարծիքն ասի: Վարդապետյանի խոսքով՝ փոփոխությունները, որ կարող են տեղի ունենալ, կարող են չվերաբերել շատ արմատական հարցերի, կարող են վերաբերել առանձին ինստիտուցիոնալ խոչընդոտների, որոնք խանգարել են այս կամ այն ոլորտի զարգացմանը կամ դրական ազդեցություն չեն ունեցել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել