Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի փակման բողոքի ակցիան ավարտվեց, ճանապարհը բացվեց |armenpress.am|
17:03 - 08 փետրվարի, 2022

Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի փակման բողոքի ակցիան ավարտվեց, ճանապարհը բացվեց |armenpress.am|

armenpress.am: Այսօր իրականացված բողոքի ակցիայի արդյունքում մի քանի ժամ փակ էր մնացել Վարդենիս-Մարտունի միջպետական նշանակության ճանապարհը։ Բողոքի ակցիան իրականացրել էին Վարդենիսի ավագանու ձայների մեծամասնության քվեարկության արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 30-ի ավագանու նիստում Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանի կողմնակիցները։

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պնդում էին, որ Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարը չի կարողանում իրականացնել իրականացնել իր լիազորությունները, քանի որ նրա աշխատանքի համար ստեղծվում են տարբեր խոչընդոտներ, մասնավորապես, համայնքապետին նախկին իշխանությունները չեն հանձնում համայնքապետի աշխատասենյակի կնիքը եւ բանալիները։ Բողոքի ակցիային նախորդել էր Վարդենիս համայնքի ավագանու նիստը։ Բողոքի ակցիա իրականացնողների հետ ճանապարհը բացելու բանակցություններ էր վարում ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։

Բողոքի ակցիան ավարտվեց ժամը 16-ի սահմաններում, երբ ճանապարհը փակած մարդկանց խմբի հետ հանդիպելու եկավ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ կայացել է զրույց  իր եւ Գեղարքունիքի մարզպետի միջեւ, եւ հույսեր կան, որ առաջիկա 10 օրերի ընթացքում իրավիճակը լիովին կկարգավորվի, աշխատանքները կմտնեն բնականոն հունի մեջ։ «Կոչ եմ անում ավարտել քաղաքական ակցիան, բացել ճանապարհը եւ անցնել ձեր առօրյա հոգսերին։ Հուսով եմ, որ առաջիկա օրերին խնդիրը կկարգավորվի»,-ներկաներին դիմեց Ահարոն խաչատրյանը։

Այդ կոչից հետո բողոքի ակցիայի նախաձեռնողները բացեցին ճանապարհը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել