Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ռենսիի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարան
17:58 - 13 փետրվարի, 2022

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ռենսիի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։ Այցը կտևի մինչ փետրվարի 19-ը, որի ընթացքում Գլխավոր հանձնակատարը տասնյակ հանդիպումներ կունենա Փարիզում, Լիոնում, Մարսելում և Նիցցայում։

Գլխավոր հանձնակատարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ֆրանսիա այցի ընթացքում հայկական կրթօջախներ այցերը Գլխավոր հանձնակատարի օրակարգի առանցքում են։

Փարիզյան վերջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանն այցելել է Ռենսիի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարան, հանդիպել դպրոցի տնօրեն Հայկ Սարգսեանի և ուսուցչական կազմի հետ, շրջայց կատարել վարժարանի տարածքում։ «Դպրոցները հայապահպանության հիմնաքարերն են։ Գիտեմ, թե որքան դժվարությունների միջով եք անցնում կրթօջախում բարձրորակ ուսուցում ապահովելու համար։ Դա իր տեսակի մեջ յուրօրինակ հերոսություն է։ Պոլսից հասնելով Մարսել, այնուհետ 1927-ից հաստատվելով Փարիզի Ռենսի արվարձանում` վարժարանը երբեք չի շեղվել իր հիմնական առաքելությունից»,-նշել է Գլխավոր հանձնակատարը։

Դպրոցի ղեկավարությունը նպատակադրված է ծրագիր մշակել ֆրանսիական դպրոցներ հաճախող հայ աշակերտներին հայերեն ուսուցանելու համար։ Գլխավոր հանձնակատարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագիրն ամփոփել և ստեղծել գործողությունների ճանապարհային քարտեզ։ Նշվում է, որ գրասենյակը կշարունակի վարժարանի հետ այս ուղղությամբ աշխատանքը։

Զարեհ Սինանյանին ներկայացվել են նաև դպրոցի խնդիրները։

«Դպրոցասեր» ամենօրյա վարժարան է այցելում 200-ից ավելի հայ աշակերտ։ Ֆրանսիայի յոթ ամենօրյա հայկական դպրոցներ են հաճախում 1200 հայ աշակերտներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել