Եվրոպական միությունը շարունակելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը
19:11 - 14 փետրվարի, 2022

Եվրոպական միությունը շարունակելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ ղեկավարությանը և անձամբ դեսպան Կլաարին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող ակտիվ ջանքերի համար, ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը:

«Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության վերջնական կարգավորման և իրավիճակի կայունացման գործում, նպաստել տարբեր ձևաչափերով բանակցությունների ակտիվացմանը: Նշվել է, որ Եվրոպական միության կողմից շարունակվելու է հումանիտար ոլորտում աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց և անհայտ կորածների վերադարձի ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:   

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել