Դատախազը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունը |armtimes.com|
15:27 - 15 փետրվարի, 2022

Դատախազը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունը |armtimes.com|

armtimes.com: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է 3 մլն դոլար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստի ժամանակ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), որը նախատեսում է պատասխանատվություն առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ 

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների համար։  

«Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները»,- նշվում է մեղադրանքի մեջ։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ մեղադրանքը պարզ չէ իր պաշտպանյալի և պաշտպանական խմբի համար, ուստի 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը նույնպես կգա այդ եզրակացության։

Դատարանը 20 րոպեանոց ընդմիջում հայտարարեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել