«Աշակերտներիս հետ հայտնվել ենք փողոցում»․ ձյուդոյի մարզիչ Կարեն Քալաշյանի նպատակը իր 30 աշակերտների համար մարզվելու տարածք գտնելն է
13:31 - 16 փետրվարի, 2022

«Աշակերտներիս հետ հայտնվել ենք փողոցում»․ ձյուդոյի մարզիչ Կարեն Քալաշյանի նպատակը իր 30 աշակերտների համար մարզվելու տարածք գտնելն է

2019 թ․-ի դեկտեմբերին «Հայաստան» մարզական միություն հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի ձյուդոյի մարզիչ Կարեն Քալաշյանի աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվել, մարզիչը զրկվել է աշխատանքից։

Քալաշյանը «Հայաստան» մարզական միությունում աշխատել է 2012 թ․-ից։ Նրա խոսքով՝ ՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրենը 2019 թ․-ին տարեվերջյան ժողով է արել, սակայն չի տեղեկացրել, որ մտադիր է Կարեն Քալաշյանին ազատել աշխատանքից․ «Դեկտեմբերի 27-ին կամ 28-ին (հստակ չեմ հիշում) նամակը գալիս է, որ «Հայաստան» մարզական միությունը ինձ հետ պայմանագիրը խզում է եկամուտներ չլինելու, օպտիմալացման պատճառով։ Բայց եթե հարցը օպտիմալացումն է, այնտեղ թոշակառու մարդիկ կան, մինչև այսօր աշխատում են, այդ թվում՝ մասնաճյուղի տնօրեն Ռուդոլֆ Խաչիկյանը, որը այժմ որպես մեթոդիստ է աշխատում»,-մեր զրույցում ասում է ձյուդոյի մարզիչը։

Նա պնդում է՝ իրեն անձնական ու քաղաքական դրդապատճառներով են աշխատանքից ազատել, և ինքը երբեք կուսակցական չի եղել․ «Ես ակտիվիստ էի, ուզում էի երկրի վիճակը լավ լինի, իրենց աչքին ես ընկա, բյուրոկրատական քաշքշուկները այդտեղից են սկսվել»։

Կարեն Քալաշյանի հետ միասին ՀԿ-ից դուրս են եկել նրա աշակերտները՝ չցանկանալով այլ մարզչի հետ պարապել․ «Մարզիչը գրասենյակի աշխատող չէ, որ հանես ու ուրիշին բերես։ Մարզիչը ծնող է, հոգեբան է, իմ երեխաները ինձ չեն ասելու՝ ընկեր Կարեն, որ դուք չեք աշխատում, մենք գնանք, ուրիշի մոտ մարզվենք, որովհետև երեխաների մեծ մասը ի սկզբանե եկել է կոնկրետ իմ մոտ մարզվելու՝ իմ մարդկային ֆակտորից ելնելով, ոչ թե միայն սպորտաձևն է հետաքրքիր եղել։ Իմ աշակերտներից ոչ ոք չմնաց «Հայաստան» մարզական միությունում, իմ աշակերտները իմ հետ դուրս են եկել, ու այսօր հայտնվել ենք փողոցում»։      

Ձյուդոյի մարզչի աշխատանքը վերականգնելու համար աշակերտների ծնողները ստորագրահավաք են անցկացրել, սակայն դա էլ արդյունք չի տվել։

Մարզումները չընդհատելու համար Կարեն Քալաշյանը այժմ իր 30 աշակերտների հետ տարբեր տարածքներում պարապմունքներ է անցկացնում, նրա նպատակը համապատասխան տարածք ունենալն է՝ պարապմունքները բնականոն հունով անցկացնելու համար․ «Որպեսզի այդ երեխաները փողոցում չհայտնվեն, տարածքից տարածք ենք գնում, մի օր մի մեծահարուստի տարածք ենք գնում, մի օր մյուսի մոտ վարձով, մեկը փող վերցնում է, մյուսը չի վերցնում, մի խոսքով՝ ցիգանի կյանքով ապրում ենք։ Իմ նպատակն է, որ իմ երեխաները մարզվելու տեղ ունենան, ես նույնիսկ համաձայնվել եմ առանց աշխատավարձի աշխատել, միայն ինձ տարածք տան»։

Մարզիչը իր աշակերտների հետ անվճար է պարապում․ «Իմ երեխեքը վարձ չեն տալիս պարապելու համար, ընդամենը մի քանի կոպեկ հավաքում ենք, որ գոնե լույսի, տարածքի փողը տանք, դա էլ ով կարողանում է տալիս է, ով չի կարողանում, չի տալիս»։

Քալաշյանը մտադիր չէ դատական հայց ներկայացնել ընդդեմ ՀԿ-ի, ասում է՝ չի ուզում ոչ ոքի պատժել․ «Ես ուզում եմ իմ երեխաները պարապելու տեղ ունենան, չեմ ուզում ինչ-որ մեկին պատժել։ Պատկան մարմիններ կլինեն, անհատներ կլինեն, իրենք հասկանան, որ այդպիսի անարդարություն է եղել, ինչ-որ մեկը արձագանքի։ Չեմ ուզում՝ դատական պրոցեսներով անցնել, մեկն էլ ասի՝ Կարենը զրպարտում է, հազար հատ գործ ունեմ, չեմ ուզում շեղվեմ դրա վրա։ Իմ երեխեքը ոչ մի օր առանց պարապելու չեն մնացել, ես իմ ամբողջ էներգիան դրա վրա եմ ծախսում»։

Կարեն Քալաշյանը այս հարցով նամակ է ուղղել նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, սակայն դա արդյունք չի տվել։ Մարզումների համար համապատասխան տարածք տրամադրելու խնդրանքով Կարեն Քալաշյանը մեկ տարի առաջ նաև համայնքապետարան ու մարզպետարան է դիմել, սակայն, նրա խոսքով, ոչ մարզպետարանը, ոչ համայնքապետարանը քայլեր չեն ձեռնարկել տարածք տրամադրելու համար։

Մարզիչը,  «Հայաստան» մարզական միությունում աշխատելուց բացի, աշխատում է դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, նաև հիմնել է «Ձյուդոյի ակադեմիա» հասարակական կազմակերպությունը, որը, սակայն, մրցումներ անցկացնելու համար է հիմնվել և չունի շենքային պայմաններ․ «Արդարդադատության նախարարությունով, ինչպես մնացած ՀԿ-ները, գնացել, բացել եմ փաստաթղթով, որ ես փաստաթուղթ ունենամ, մրցում կարողանամ կազմակերպել, ինքը մարզամշակութային հասարակական կազմակերպություն է։ Ես ոչ աշխատող ունեմ, ոչ վարձատրվում եմ, ոչ առևտրային, չֆինանսավորվող կազմակերպություն է»։

Կարեն Քալաշյանն ասում է, որ իր աշակերտները հաջողակ մարզիկներ են եղել, ոմանք Հայաստանի չեմպիոններ են դարձել, և ինքը ամբողջապես համապատասխանում է մարզիչ լինելու չափանիշներին։

Մարզչի համոզմամբ՝ Հայաստանում սպորտը այսպիսի դեպքերի պատճառով չի զարգանում․ «Մարզչին հնարավորություններ չեն տալիս, վերահսկողություն չկա, ով ուզում է՝ մարզիչ է դառնում, ով չի ուզում՝ մարզիչ չի դառնում,  բայց մենք երեխաների հետ ենք շփվում»։  

«Հայաստան» մարզական միության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Ռուդոլֆ Խաչիկյանը հրաժարվեց հեռախոսով զրուցել։ 

Infocom-ը թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է խնդրել «Հայաստան» մարզական միություն հասարակական կազմակերպությունից։

Կազմակերպության տնօրեն Սոկրատ Պետրոսյանը մեր զրույցում հերքեց տեղեկությունը, որ Կարեն Քալաշյանին աշխատանքից ազատման մասին նախապես չեն ծանուցել․ «Քանի որ մենք պետության հետ կապ ունենք, պետությունը եթե մեզ հետ չկապի պայմանագիր, մենք չենք կապում պայմանագիր, դրա համար մենք երկու ամիս առաջ գրավոր իրազեկում ենք, մենք զգուշացնում ենք տնօրենի մասնաճյուղին, մասնաճյուղի տնօրենը՝ աշխատողներին»,- նշեց Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ Վանաձորի մասնաճյուղի տնօրենը ծանուցել է Քալաշյանին պայմանագիրը չերակարացնելու մասին։

Պետրոսյանի խոսքով՝ Կարեն Քալաշյանը աշխատանքից ազատվել է «Հայաստան» մարզական միության ֆինանսական միջոցների կրճատման պատճառով։ Ֆինանսական միջոցների կրճատումը հանգեցրել է նաև աշխատակիցների կրճատմանը, իսկ աշխատողներին որոշել են կրճատել տարիքային սկզբունքից ելնելով, ինչպես նաև ազատել են այն աշխատողներին, որոնք միաժանակ աշխատելիս են եղել մի քանի տեղերում․ «Երբ փողը մեզնից կրճատել են, ես աշխատողներին ասել եմ՝ նայեք առաջնահերթ տարիքային, որ թոշակառու լինեն, որովհետև շատ մեծ են, չեն կարողանում աշխատել, երկրորդը նայեք՝ եթե մարդը աշխատում է երկու կամ երեք տեղ, առաջին հերթին այդ մարդուն հանեք։ Կարեն Քալաշյանը աշխատել է երեք տեղ՝ «Ձյուդոյի ակադեմիայում», միջնակարգ դպրոցում և մեզ մոտ»։

Նրա խոսքով՝ 2017 թ․-ին ՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղում 26 մարզիչ է եղել, հիմա մնացել են 17-ը․ այդ ընթացքում մարզիչներին կրճատել են ֆինանսավորման խնդիրների պատճառով։

Դիտարկմանը, որ Քալաշյանի խոսքով՝ իրեն անձնական պատճառներով են աշխատանքից ազատել, Պետրոսյանը պատասխանեց․ «Ինքը մեր մասին գրել էր, որ հանրապետական ենք եղել, իրեն ասել ենք՝ հանրապետականին ձայն տուր, չի տվել, դրա համար էլ այսպես եղել, բայց ես ճշտեցի, որ ինքն է եղել հանրապետական, Դեռժավայի Արկադիկին (Արկադի Համբարձումյան, ԱԺ նախկին պատգամավոր,- խմբ․) օգնել է ընտրություններին»։

Նա նաև նշեց, որ ստորագրահավաքին մասնակցած ծնողների մեծամասնությունը չեն եղել ՀԿ-ում մարզվող երեխաների ծնողները, այլ եղել են դպրոցի աշակերտների ծնողները, որտեղ աշխատել է Քալաշյանը։  

Պետրոսյանը վստահեցրեց, որ Քալաշյանի նկատմամբ անձնական խնդիրներ չունի, յուրաքանչյուր մարզչի՝ աշխատանքի մնալու կամ չմնալու որոշումը կայացնում է համապատասխան մասնաճյուղի տնօրենը․ «Մենք պայմանագրային աշխատողների ենք աշխատանքի ընդունում, պայմանագրի վրա պարզ, սևը սպիտակով գրված է՝ բոլոր վիճելի հարցերը դատական կարգով, դրա համար կա դատարան»,- ամփոփելով՝ նշեց մեր զրուցակիցը։

Կարեն Քալաշյանը, արձագանքելով Սոկրատ Պետրոսյանի մեղադրանքին, ըստ որի՝ ինքը ընտրությունների ժամանակ օգնել է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին, նշեց, որ Համբարձումյանը գործարար է եղել և իրենց մարզագույք է նվիրել, դա ընտրությունների հետ որևէ կապ չի ունեցել։ Համբարձումյանը մարզագույք է նվիրել նաև այլ մարզական հաստատությունների։

Infocom-ը Կարեն Քալաշյանին և աշակերտներին մարզվելու տարածք տրամադրելու մասին մեկնաբանություն խնդրեց նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Գերատեսչությունից հայտնեցին, որ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող մարզադպրոցները մասնավոր ընկերությունների կամ անձանց տարածք տրամադրելու լիազորություն չունեն։ Ինչ վերաբերում է համայնքային ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններին (ՊՈԱԿ), տվյալ կազմակերպությունը կամ անձը պետք է դիմի տեղական ինքնակառավարման մարմիններին։

Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Գևորգ Մացակյանը մեր զրույցում ասաց՝ համայնքը իր ենթակայության տակ գործող սահմանափակ մարզադահլիճներ ունի, և չունի առանձին տարածքներ՝ մարզչին տրամադրելու համար․ «Մենք ասել ենք՝ հնարավորության սահմանում օգտակար կլինենք։ Մեր մարզադահլիճները ծանրաբեռնված աշխատում են, պետք է տարածք ու ժամանակ լինի մեր ժամերից դուրս, կամ հնարավորություն ունենանք իրեն որպես մարզիչ ընդունելու, որպեսզի ինքը աշխատի։ Մեր համայնքապետարանի մարզչական հաստքիները սահմանափակ են, յուրաքանչյուր մարզադպրոցին հատկացված է համապատասխան ժամանաքանակ, չի եղել ազատ տեղ մարզիչ ընդունելու համար»։

Նրա խոսքով՝ այս պահին էլ կան մարդիկ, որոնք գրանցվել են՝ համայնքային ենթակայությամբ գործող մարզադպրոցներում մարզիչ աշխատելու համար, սակայն նրանց աշխատանքի ընդունելու համար թափուր հաստիքներ չկան։

 

 

Գլխավոր լուսանկարում՝ Կարեն Քալաշյանը իր աշակերտների հետ

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել