Թուրքիան դադարելու է մեզ դիտել իր ծրագրերի խոչընդոտ, եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների վրա․ Քոչարյան
12:08 - 17 փետրվարի, 2022

Թուրքիան դադարելու է մեզ դիտել իր ծրագրերի խոչընդոտ, եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների վրա․ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի որոշ խնդիրներ է բացահայտել․ «Առաջինը՝ Ռուսաստանի սահմանի հետ բացակայությունը ցույց տվեց Ռուսաստանի միջամտության և օժանդակության հնարավոր որոշակի լիմիտներ։ Մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու էր Վրաստանի օդային տարածքը փակ ռազմական  բեռնափոխադրումների համար։ Մեր իշխանությունները հաշվարկե՞լ են, որ կարող է այդ տարածքը փակ լինի, թե՞ չեն հաշվարկել, թե՞ իրենց համար էլ էր սա անակնկալ։ Մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի օդի տարածքը ևս փակ էր, և այս երկու գործոնը շեշտակի ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա, սա ևս փաստ է։ Եթե չեն հաշվարկել, մեկ մեղադրանք է կարող է առաջադրել, եթե հաշվարկել են այնուամենայնիվ 2020 թ․-ի ամռանը գնացել են Տավուշում կոնֆլիկտ հրահրելու, սա մեկ ուրիշ մեղադրանք կարող է առաջացնել այս իշխանությունների նկատմամբ»։

Քոչարյանի խոսքով՝ երկրորդ խնդիրը Ռուսաստանի միջնորդ լինելն էր Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, որը  էականորեն սահմանափակել է Ռուսաստանի՝ քայլեր ձեռնարկելու ազատությունը։ Իսկ երրորդ հանգամանքը, որ բացահայտվեց այս պատերազմի ընթացքում, Քոչարյանի խոսքով, Թուրքիայի դերակատարության շեշտակի աճն էր Հարավային Կովկասում։ «Հիմա այս երեք բաղադրիչները մեկ կոնտեքստում նայենք, իհարկե, պատկերը տխուր է, և ես չեմ տեսնում որևէ լուրջ քայլեր, որոնք կփորձեն չեզոքացնել, փոխել այս իրավիճակը և չեզոքացնել այս մարտահրավերները։ Ըստ էության մենք հայտնվել ենք նոր իրավիճակում, և այդ նոր իրավիճակը պահանաջում է որոշակի գործողություններ»։

Նա նշեց, որ իրենք այս իրավիճակում առաջարկում են հրատապ վերականգնել բանակի մարտունակությունը, բանակի հնարավորությունները, բարձրացնել այն նոր մակարդակի, ստեղծել սպառազինության և զինամթերքի ռազմավարական պաշարներ, որը հնարավորություն կտա ավտոնոմ գործել  զինված ուժերին առնվազն կես տարվա կտրվածքով։

Քոչարյանի խոսքով՝ այդ ամենը հնարավոր չէ ինքնուրույն անել․ «Պետք է հասկանալ՝ Ռուսաստանը ինչ չափով է պատրաստ այս ծավալի օժանդակություն և համագործակցություն ունենալ Հայաստանի համար։ Համոզված եմ, որ դա հնարավոր է, կասկածում եմ, որ մեր կողմից այդպիսի ազդակներ և այդպիսի խնդրանք գոյություն ունի»։

Մյուս հարցը, երկրորդ նախագահի խոսքով, օդային տարածքի խնդիրն է․ «Մենք ապագայում կարո՞ղ ենք ևս ունենալ լիարժեք օդային շրջափակում, թե սա ուղղակի ինչ որ դրվագ էր, որը մենք ի վիճակի ենք շտկել։ Խոսքը Վրաստանի օդային տարածքի մասին է»,- ասաց նա՝ նշելով,  որ իր նախագահության տարիներին նման խնդիրներ չեն եղել, ինքը չի պատկերացրել, որ հնարավոր է Վրաստանի հետ այդպիսի հարաբերությունների հասնել։

Ըստ Քոչարյանի՝ այս իրավիճակում կա նաև երկրորդ, իր համար ոչ հաճելի ճանապարհ․ «Այդ ճանապարհը հետևյալն է․ ընդունել թուրք-ադրբեջանական սպառնալիքը՝ որպես անհաղթահարելի գործոն, և ենթարկվել այդ սպառնալիքին։ Եվս ճանապարհ է, գնալ Հայաստանի պլանավորված աջարիզացիայի։ Թուրքիան դադարելու է մեզ դիտել իր ծրագրերի խոչընդոտ միայն մեկ պարագայում, եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների վրա, մեր քաղաքականության վրա։ Սա ենթադրում է, որ Թուրքիան գերիշխող դիրքեր ունենա մեր տնտեսության մեջ, և Թուրքիան պետք է լիարժեք ազդեցություն ունենա մեր քաղաքական էլիտայի վրա։ Ե՞րբ է սա հնարավոր, երբ ռուսական ներկայությունը այստեղ սկսի դադարել, և սկսի փոխարինվել թուրքական ազդեցությամբ, և դա հնարավոր է, եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղից ընդհանրապես»։

Համադրելով բոլոր գործընթացները՝ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը անցել է իր նշած երկրորդ տարբերակին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել